Անմահ հերոս Վահագն Շարոյան
1978 թվականի փետրվարի 20-ին՝ Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում է ծնվել Վահագն Շարոյանը։ Վահագնը նրանցից մեկն էր, ով զոհվեց հայրենիքի սահմանները ամուր պահելիս։
Հարազատները պատմում են, որ Վահագնի կեցվածքի մեջ մշտապես նկատել են զինվորականին հատուկ գծեր, սակայն ցանկացել են, որ այլ մասնագիտություն ընտրի։
Վահագնի մայրը՝ Գոհարը, մեզ հետ զրույցում նշում է, որ երբ որդին 1995 թվականին ավարտել է գյուղի դպրոցը, իրենք որոշել են, որ տղան սովորելու է իրավաբանություն, սակայն Վահագնը ընտանիքից գաղտնի կատարել էր իր կյանքի կարևորագույն քայլերից մեկը և դիմել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան։
1995-1999 թվականին սովորել է՝ ավարտելով ստացել լեյտենանտի զինվորական կոչում և ծառայության անցել Տավուշի մարզի Նոյեմբերյանի N զորամասում՝ որպես մոտոհրաձգային վաշտի հրամանատար։
Վահագնը դեռ փոքրուց իր համար ուներ հերոսի կերպար, ով հենց նրա հայրն էր՝ Գարեգին Շարոյանը, ով 1990-1992 թվականներին «Հատուկ գնդի» Նոյեմբերյանի վաշտի և «Արծիվ մահապարտներ» գումարտակի 6-րդ դասակի կազմում մասնակցել է Արցախի և Նոյեմբերյանի ինքնապաշտպանական և ազատագրական պայքարներին։
Լավ ծառայության և մասնագիտական բարձր որակների համար՝ Վահագնը կարճ ժամանակում արժանացել է ավագ լեյտենանտի զինվորական կոչման, ինչպես նաև՝ բազում այլ խրախուսանքների։
Ընտանիքի հարազատներից մեկը պատմում է, որ Վահագնը անչափ նվիրված էր իր աշխատանքին, սիրում էր իր բոլոր զինվորներին ու նրանց համար ավագ ընկեր էր։
Վահագը շատ հպարտ էր իր հոր անցած մարտական ուղով ու հերոսական պայքարով, սակայն երբեք չէր բարձրաձայնում այդ մասին, նա իր բոլոր հաջողություններին մշտապես հասել է իր ջանքերի ու անսպառ աշխատանքի միջոցով։
2002 թվականի դեկտեմբերի 11-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի Կոթի գյուղի մարտական հենակետերից մեկում, ծառայողական պարտականությունները իրականացնելիս՝ թշնամու կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել Վահագն Գարեգինի Շարոյանը։
ՀՀ Նախագահի կողմից Վահագն Շարոյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքի պաշտպանության համար ասպետաց Մեծն Տիգրան» մեդալով, ինչպես նաև՝ արժանացել է կապիտանի զինվորական կոչման։
Հայրենի գյուղում կառուցվել է հուշահամալիր, որտեղ հավերժացվել են տարբեր տարիներին հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված հերոսների անունները։ Նրանց շարքերում են նաև Շարոյանների երկու սերունդ։
Հիմա տան մի անկյունում խնամքով շարված են հայր և որդի Շարոյանների մեդալները, պատվոգրերն ու խրախուսանքները։
Տիկին Գոհարը մեզ հետ զրուցում պատմում է, որ Վահագնը երեխաներ շատ էր սիրում։ Երբ արդեն անցել էր ծառայության՝ ամեն անգամ դիրքերից իջնելիս, երբ գյուղում հանդիպում էր երեխաների, նրանց տանում էր հյուրասիրելու և ամեն անգամ երեխաները ավելի ու ավելի մեծ խանդավառությամբ սպասում էին իրենց սիրելի Վահագնի վերադարձին։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: