Անմահ հերոս Տիգրան Սիմոնյան

«Հայրենիքի սահմանները պահելն իմ գործն է և ես եմ պատասխանատու»
Տիգրան Սիմոնյանը ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ 1998 թվականին ընդունվել էր Վանաձորի Հ.Թումանյանի անվան թիվ 3 դպրոցը։
Տիգրանը չափազանց բարի էր, անսահման նվիրված, իր պայծառ ու լուսավոր կերպարով սիրված բոլորի կողմից։
Դպրոցում սովորելու տարիներին Տիգրանը մշտապես աչքի է ընկել իր առաջադիմությամբ, ակտիվությամբ և կազմակերպվածությամբ։
Դեռ փոքրուց՝ Տիգրանն արդեն որոշել էր, երբ ավարտի, զինվորական է դառնալու, հայրենիքի սահմանների պաշտպանը։
2008 թվականին ավարտելով դպրոցը՝ Տիգրանը ընդունվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան։
Տիգրանի ուսուտցչուհին՝ Նվարդը, ով Տիգրանին շատ փոքրուց է ճանաչում և ընտանիքի բարեկամներից է, մեզ հետ զրույցում նշում է, որ Տիգրանը չափազանց ուրախ էր, որ ընդունվել է և առհասարակ նա շատ էր նվիրվել իր ցանկությանը, ջանք չէր խնայում, որպեսզի ընդունվեր։
Առաջադիմությամբ աչքի է ընկել նաև համալսարանում սովորելու տարիներին, որի համար բազմիցս պարգևատրվել է։
2012 թվականին՝ գերազանց ավարտելով, Տիգրանը ծառայության է անցել Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակերտի շրջանի Եղնիկների զորամասում՝ որպես դասակի հրամանատար։
Տիգրանն իր մարտական բարձր պատրաստականության, ռազմական տեխնիկային հստակ տիրապետելու և մարտական դիրքերում անթերի ծառայելու համար բազմիցս պարգևատրվել է, ինչպես նաև՝ արժանացել է ավագ լեյտենանտի կոչման։
2015 թվականի փետրվարի 10-ին, ժամը՝ 19:55-ի սահմաններում, դժբախտ պատահարի արդյունքում՝ մահացել է ավագ լեյտենանտ Տիգրան Սամվելի Սիմոնյանը։
Ծառայության ընթացքում Տիգրանը պարգևատրվել է «Նելսոն Ստեփանյան», «Բանակի կազմավորման 20-ամյակ» հուշամեդալներով, ինչպես նաև բազմաթիվ պատվոգրերով։
Հարազատ դպրոցում՝ որտեղ սովորել է Տիգրան Սիմոնյանը, բացվել է նրա անունը կրող դասասենյակ, որպեսզի աշակերտները ճանաչեն իրենց դպրոցում սովորած հասարակ տղային, որը կարողացավ իր անունը հավերժացնել։
Տիգրանը լավ սպա էր՝ առաջին հերթին հենց իր զինվորների համար, նա հոգատար էր բոլորի նկատմամբ։ Մարտական հերթապահությունը զինվորները մշտապես գերազանց էին իրականացնում, քանի որ նրանց հետ զորամասի լավագուն սպաներից մեկն էր, ով մշտապես զինվորի կողքին էր։
Դեպքից օրեր հետո Տիգրանը նորից պարգևատրվելու էր իր լավ ծառայության ու նվիրվածության համար։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: