Անմահ հերոս Գոռ Հովհաննիսյան

1993 թվականի նոյեմբերի 11-ին՝ է ծնվել Գոռ Հովհաննիսյանը, ով ընտանիքում սպասված անդրանիկ զավակն էր։ Ծնվել է Երևանում, բայց ճակատագրի բերումով պիտի հավերժ իր կյանքը կապեր Արցախ (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) աշխարհի հետ։
Գոռը 6 տարեկան էր, երբ ընտանիքը մշտական բնակություն է հաստատել Արցախի Քաշաթաղի շրջանի Կովկասավան քաղաքում, որտեղից էլ սկսվել են Գոռի կյանքի առաջին ու շրջադարձային քայլերը։
Գոռը սովորել է Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցում, ուսման տարիներին մշտապես աչքի է ընկել իր առաջադիմությամբ ու ուսման հանդեպ ունեցած մեծ սիրով։
Ավարտելով 9-րդ դասարանը՝ Գոռը ընդունվել է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան Ռազմական վարժարան։
Գոռի մայրը՝ Կարինեն, մեզ հետ զրույցում նշում է, որ Գոռը ֆուտբոլ շատ էր սիրում, երազում էր ֆուտբոլիստ դառնալ, բայց ընտրեց զինվորականի բարդ ու պատասխանատու մասնագիտությունը։ Երևի պատճառն այն էր, որ Գոռի հայրը մասնակից է եղել Աֆղանական և Արցախյան պատերազմներին, ինչպես նաև՝ Շուշիի ազաատագրման փայլուն օպերացիային։
Փոքրուց Գոռը իր հորից զանազան պատմություններ էր լսել պատերազմների մասին, ինչպես նաև՝ իր ընկերոջ, Դուշման Վարդանի մասին, որոնցից Գոռը մշտապես ոգեշնչվել ու հպարտությամբ է լցվել լսելով շատ-շատերի անցած մարտական ուղու ու անկոտրուն պայքարի մասին։
2010-2014 թվականներին սովորել և ավարտել է Վ.Սարգսյանի անվան Ռազմական համալսարանը։
Գոռը հաջողությամբ ավարտել ու ծառայության է անցել Արցախի Մարտունու զորամասերից մեկում՝ որպես մոտոհրաձգային դասակի հրամանատար, լեյտենանտի զինվորական կոչումով։
Գոռը պատրաստված սպա էր, ով տիրապետում էր իր մասնագիտական բոլոր հմտություններին, որոնք և լիարժեք կարողանում էր փոխանցել իր զինվորներին։
Սպա լինելուց բացի՝ Գոռը իր տղերքի համար լավ ընկեր էր, մարտական հերթապահությունների ժամանակ նրանց հավատարիմ զինակիցը։
«Գոռս չէր սիրում պատմել իր ծառայությունից, իր աշխատանքից։ Երբ հարցնում էի, միշտ ասում էր՝ մամ ամեն ինչ շատ լավ ա, հանգիստ եղի: Եթե ինչ-որ բան էի իմանում, ապա հորից: Մի անգամ, երբ հերթական անգամ դիրքերում էր, մի քանի օր չէի կարողանում կապնվել հետը, շատ անհանգիստ էի, այդ օրերին էլ դրությունը լարված էր: Սիրտս վկայում էր, որ երեխուս մի բան է եղել: Վերջապես կարողացա կապվեմ հետը, հանգստացնում էր, թե մարտկոցն էր նստել, բայց երբ ասացի, որ ես զգում էի՝ մի բան եղել է, ծիծաղելով ասաց՝ ի՞նչ գիտես, մամ, դե մի թեթև վիրավորվել եմ: Հետո իմացա, որ ոտքից էր վիրավորվել, բայց այդպես էլ դիրքերից չէր իջել»,- պատմում է մայրը։
Գոռն իր էությամբ չափազանց բարի էր, սրտացավ, ջերմ, նվիրված ու բարեխիղճ իր աշխատանքի նկատմամբ, միաժամանակ խիստ, քանի որ երբեք չի սիրել անարդարություն ու կողմապահություն։
Կարճ ժամանակահատվածում՝ Գոռն իր բարեխիղճ ծառայության համար արժանացել է ավագ լեյտենանտի կոչման։
2016 թվականի ապրիլին՝ Գոռն ու իր տղաները իրենց ներդրումն են ունեցել թշնամու առաջխաղացումը կասեցնելու գործում։
2017 թվականի մարտի 31-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետևանքով՝ մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Գոռ Գևորգի Հովհաննիսյանը։ Գոռը փրկել է իր զինվորի կյանքը։
Գոռ Գևորգի Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: