Անմահ հերոս Սևակ Ղուկասյան

1969 թվականի նոյեմբերի 8-ին՝ Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում է ծնվել Արցախյան առաջին պատերազմի թոհ ու բոհով անցած Սևակ Ղուկասյանը, ով պիտի համալրեր նորաստեղծ հայկական բանակի շարքերն ու դառնար դրա ամուր հիմքերից մեկը։
1986 թվականին Սևակն ընդունվել է ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետը։
1991 թվկանաին ամեն ինչ թողնել է ու վերադարձել ծննդավայր՝ Արցախ, և միացել Արցախյան շարժմանը։
1992 թվականի գարնանը՝ մի խումբ երիտասարդներ, Սևակի հետ ջոկատ են կազմավորել, որը կոչվեց «Արայիկ»։
Ջոկատում ներգրավված երիտասարդները պատրաստ էին կենաց-մահու պայքարին, նրանցից ոչ-ոք չէր նահանջում, բայց բոլորը գիտեին, որ թշնամին թե՛ զորքով, թե՛ զենքով ավելի շատ է։
Հրաձիգ, նռնակաձիգ Սևակը կարճ ժամանակում դարձել էր ջոկատի հրամանատարներից մեկը։
Հնարամիտ, ուժեղ ու անկոտրուն հրամանատար էր, ում կողքին բոլորը մոռանում էին պարտության մասին և նետվում մարտի` վստահ իրենց ուժերի վրա։
1993 թվականի ապրիլին՝ «Արայիկ» ջոկատի հիման վրա ձևավորվել էր մոտոհրաձգային գումարտակ, որի շտաբի պետ նշանակվել էր հենց Սևակը։ 1994 թվականին փետրվարին՝ արդեն իսկ գումարտակի հրամանատարն էր։
Պատերազմի ավարտից հետո Սևակը որոշեց, որ առաջնայինն ու կարևորը հայրենիքի պաշտպանությունն է և իր կյանքը հավերժ նվիրեց բանակաշինության սուրբ գործին։
Խստապահանջ, հոգատար ու բանիմաց հրամանատար էր, ով չունենալով ռազմական կրթություն՝ գերազանց կատարում էր յուրաքանչյուր խնդիր։
2006, 2007, 2008 թվականներին այն պաշտպանական շրջանում, որտեղ ծառայել է գնդապետ Ղուկասյանը ու հիմնովին կառուցել ամեն ինչ՝ ճանաչվել է լավագույն մարտական հերթապահություն իրականացնող զորամաս։
2011 թվականի ապրիլի 29-ին՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդի կողմից արձակած կրակոցից՝ մահացու հրազենային վիրավորում է ստացել Սևակ Ղուկասյանը։
Դեպքի օրը Սևակը շտապում էր բարձրանալ մարտական դիրք, որտեղ զինվորներից մեկը վիրավորում էր ստացել, սակայն այդ օրը ճակատագրական եղավ նրա համար։
Գնդապետ Սևակ Ղուկասյանը պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Մարտական ծառայություն» մեդալով, նաև Հայաստանի Հանրապետության «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» և «Մարտական ծառայության» մեդալներով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: