Անմահ հերոս Խաչատուր Բադասյան

Խաչատուր Բադասյանը ծնվել է 1994 թվականի դեկտեմբերի 16-ին՝ Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում:

Սովորել է տեղի դպրոցում, ավարտելուց հետո մեկնել է Ռուսաստանի Դաշնություն ու որոշ ժամանակ անց վերադարձել է հայրենիք՝ ծառայության մեկնելու նպատակով:

2012 թվականին ինքնակամ ցանկություն է հայտնել ծառայել Արցախում (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից), որի արդյունքում ծառայության է անցել Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում:

Ծառայության ընթացքում բազմից աչքի է ընկել իր լավ հատկանիշներով, սիրված է եղել ծառայակիցների կողմից։

2014 թվականի հուլիսի  25-ի լույս` 26-ի գիշերը, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր: Հայկական կողմը ժամանակին հայտնաբերել և դիմել է պատասխան գործողությունների, որի արդյունքում՝ թշնամին կրել է զգալի կորուստներ, թողնելով զինամթերք և հետ շպրտվել ելման դիրքեր: Ծավալված գործողությունների արդյունքում՝ զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Բադասյանը:

Խաչատուր Լևոնի Բադասյանը ցուցաբերած արիության համար՝ հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» և Արցախի Հանրապետության  «Արիության համար» մեդալներով:

Խաչատուրը նվիրված, ընկերասեր, խելացի անձնավորություն էր, ով միշտ ձգտում էր օգնել բոլորին։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան