Անմահ հերոս Գարիկ Մովսիսյան

Գարիկ Մովսիսյանը ծնվել է 1997 թվականի հունվարի 15-ին՝ Տավուշի մարզի Զորական գյուղում։ 2014 թվականին դպրոցն ավարտել և ընդունվել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ։
2015 թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակերտի շրջանի N զորամաս՝ որպես կապավոր։
Ծառայության ընթացքում մշտապես աչքի է ընկել իր լավ որակական հատկանիշներով, ինչպես նաև՝ մասնագիտական լավ պատրաստվածությամբ, որի համար արժանացել է կրտսեր սերժանտի կոչման։
2016 թվականի ապրիլին՝ Գարիկը Թալիշում մասնակացել է պատերազմական գործողությունների, ցավոք ապրիլի 29-ի՝ լույս 30-ի գիշերը, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, որի արդյունքում՝ հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում է ստացել Գարիկ Մնացականի Մովսիսյանը:
Գարիկը վիրավորվել է մարտական առաջադրանք կատարելու ժամանակ, դիրքերի միջև հեռախոսային կապը վերականգնելու ընթացքում, երբ ծառայակիցներից մեկին փորձել է օգնություն ցույց տալ։
Գարիկ Մնացականի Մովսիսյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» և Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալներով:
«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: