Անմահ հերոս Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը ծնվել է 1979 թվականի հունվարի 1-ին՝ Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակերտ քաղաքում: Սովորել և ավարտել էր Մարտակերտի թիվ 1 դպրոցը:

1996 թվականին Գեղամն Արցախում  անցել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության։

Գեղամ Մանուկյանը սովորել էր Քրիստափոր Իվանյանի անվան ուսումնարանում, ավարտելով ստացել է լեյտենանտի սպայական կոչում և անցել ծառայության: Զբաղեցրել է մի շարք պաշտոններ 5-րդ, 7-րդ և 6-րդ պաշտպանական շրջաններում` դասակի, վաշտի հրամանատարից մինչև գումարտակի հրամանատարի պաշտոնները, այնուհետև՝ 2012 թվականի հոկտեմբերին, նրան շնորհվել է փոխգնդապետի կոչում։ 2014 թվականին նա տեղափոխվել է 6-րդ պաշտպանական շրջան և ծառայությունը շարունակել՝ որպես  ինժեներական ծառայության պետ:

2017 թվականի փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում՝ մահացու վիրավորում է ստացել Գեղամ Հենրիկի Մանուկյանը:

Գեղամ Մանուկյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն»  և «Արիության համար» մեդալներով:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան