Անմահ հերոս Արմեն Մարտիրոսյան

Արմեն Մարտիրոսյանը ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 27-ին՝ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում: Մանկուց աչքի է ընկել իր բարի բնավորությամբ, շրջապատող մարդկանց մեջ նա միշտ ուրախություն էր տարածում:

Սովորել է տեղի դպրոցում, որտեղ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ ու առաջադիմությամբ: Փոքր տարիքից զբաղվել է արևելյան մարզաձևերով, դրա հետ մեկտեղ՝ հաճախել է դաշնամուրի պարապմունքների:

2011 թվականին՝ երաժշտական ուսումը շարունակել է Գավառի պետական երաժշտական քոլեջի ստեղնաշարային գործիքների բաժնում: Համատեղելով սպարտն ու արվեստը՝ երկու բնագավառներում էլ իրեն լավ կերպով է դրսևորել, դա վկայում են մի շարք պատվոգրերն ու մեդալները:

Արմենը շատ աշխատասեր էր, դեռ փոքր տարիքից ծնողներից գաղտնի  աշխատել ու գումար է հավաքել, վերջում  ներդրել է տան վերանորոգման մեջ,  նաև մի անգամ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի, որպեսզի օգնի ընտանիքին:

Արմենը և ընկերը ծառայության մեկնելուց 2 ամիս շուտ ներկայացել են  տեղի Զինկոմիսարիատ ու խնդրել, որ իրենց կամավոր զորակոչեն Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտունիի N պաշտպանական զորամաս, սակայն նրանց մերժել են ու խնդրել սպասել զորակոչի մեկնարկին:

2015 թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության Մարտակերտի շրջանի Մատաղիսի զորամաս, այնուհետև տեղափոխվել Թալիշի զորամաս՝ որպես ավագ հետախույզ-գնդացրորդ: Ծառայությանը հեշտ է ընտելացել ու ինչպես հիշում են հարազատները՝ մեծ սիրով  է ծառայել։

2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին՝ Արմենը իրականացրել է հետախույզի բարդ ու պատասխանատու աշխատանքը, վիրավորվել, սակայն իսկույն վերադարձել է առաջնագիծ, աչքի է ընկել խիզախությամբ ու բոլորին ուժ տվել իր խոսքերով: Շաբաթներ շարունակ եղել է մարտական դիրքերում:

Արմենը երկար ժամանակ թշնամու ուշադրության կենտրոնում է եղել և ցավոք՝ 2016 թվականի մայիսի 11-ին, թշնամու  դիպուկահարի կրակոցից  զոհվել է:

Արմեն Մարտիրոսյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության», Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան