Անմահ հերոս Կարեն Աղաբեկյան

Կարենը ծնվել է 1996 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Վայոց Ձորի Կեչուտ գյուղում։ Սովորել է նույն գյուղի միջնակարգ դպրոցում, որից հետո տեղափոխվել է Ջերմուկ քաղաքի թիվ 10 ավագ դպրոց, որն ավարտել է 2014 թվականին։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա։

Կատակասեր, նվիրված, անսահման բարի մարդ՝ ով ցանկացած հարցում օգնում էր բոլորին․ միաժամանակ կոպիտ, բայց և նուրբ: Փոքր տարիքից հետաքրքրվել ու մեծ սեր է ունեցել մեքենաների հանդեպ։

2015 թվականին ուսումը կիսատ թողնելով՝ մեծ սիրով անցել է ծառայության Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտունիի զորամասերից մեկում՝ որպես վարորդ։

Ծառայության ընթացքում մի շարք շնորհակալագրերի է արժանացել։

2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ՝ Կարենն  իր ներդրումն  է ունեցել հայրենիքի պաշտպանության գործում,  նա վիրավորված զինվորների է տեղափոխել, սնունդ հասցրել դիրքերում մարտնչող զինվորներին։

2016 թվականի ապրիլի 21-ին՝ մարտական դիրքեր գնալու ժամանակ, Կարենը մահացու հրազենային վիրավորում է ստանում կրծքավանդակի աջ կեսի շրջանում, ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու պատճառով․  դեպքը տեղի է ունեցել անզգուշության հետևանքով:

Կարենը հետմահու պարգաևատրվել է  Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայության» և Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով։

Ի հիշատակ Կարենի՝ հարազատ դպրոցում Նախնական զինվորական պատրաստության դասասենյակ է բացվել, որտեղ Կարենը միշտ ներկա է։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան