Անմահ հերոս Արթուր Օհանջանյան

Արթուր Օհանջանյանը ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 18-ին՝ Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում: Սովորել և ավարտել է նույն գյուղի միջնակարգ դպրոցը: Ակտիվորեն սպորտով է զբաղվել, կոփված ու ամրակազմ երիտասարդ էր, սիրում էր մարզվել ու կոփել սեփական մարմինը։

Արթուրին ճանաչող մարդիկ հիշում են, որ անչափ բարի էր, համեստ, իր տեսակով սիրում էր աջակցել բոլորին՝ ընտանիքին, համագյուղացիներին։

2012 թվականին անցել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության   Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Հադրութի շրջանի պաշտպանական զորամասերից մեկում: Արթուրը ծառայության ընթացքում մասնակցել է հետախուզական դասընթացների և ունեցել սպասված հաջողություն, ստացել կրտսեր սերժանտի կոչում, նշանակվել հետախուզական ջոկի հրամանատար: 

2014 թվականի մայիսի 20-ին՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում,  հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող՝  Արթուր Օհանջանյանը: 

Արթուր Սեյրանի Օհանջանյանը հետմահու պարգրատրվել է Հայաստանի Հանրապետության  «Մարտական ծառայության»և Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն»  մեդալներով:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան