Անմահ հերոս Հայկ Թևոյան

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված պայմանագրային զինծառայող Հայկ Թևոյանը ծնվել է 1975 թվականի մարտի 12-ին՝ Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղում։

Սովորել և ավարտել է տեղի դպրոցը, որից հետո՝ 1991 թվականին, ուսումը շարունակել է Ծաղկահովիտ գյուղի ուսումնարաններից մեկում և ստացել ավտոմեխանիկի որակավորում։

Հայկը բանակում չի ծառայել, քանի որ ծնողի միակ խնամակալն է եղել, օրենքի շրջանակներում ազատվել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից։

1993 թվականին Հայկն ամուսնացել է, ունի 5 երեխա։

2010 թվականից անցել է պայմանագրային ծառայության Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից)` Քարվաճառի շրջանի N զորամասում։

Հայկի կինը՝ Ջավահիրը, պատմում է, որ ամուսինը մեծ սիրով է անցել ծառայության, երբևէ դժգոհություն չի հայտնել, երբեմն էլ սեփական կյանքը վտանգելով՝ բազում առաջադրանքներ է կատարել, չմտածելով անգամ իր երեխաների մասին։ Նա նվիրված ու աշխատասեր էր։ Դիրքերում, զորամասում և գյուղում մշտապես ներգրավված է եղել բոլոր տեսակի աշխատանքներում, իսկ իրեն բաժին հասած դժվարություններն էլ՝ պատվով հաղթահարել։

Ջավահիրը հիշում է, որ մի անգամ, երբ աղջիկը Հայկին հարցրել է, թե ինչո՞ւ  ինքն էլ բոլորի նման չի գնում արտագնա աշխատանքի, Հայկը աղջկան բացատրել է, որ եթե բոլորը գնան արտագնա աշխատանքի, հայրենիքի սահմանները պաշտպանված չեն լինի։

2015 թվականի սեպտեմբերի 3-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում, ադրբեջանական կողմի խոշոր տրամաչափի դիպուկահարի արձակած կրակոցից՝ պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքից, զոհվել է պայմանագրային զինծառայող Հայկ Թևոյանը։

Հայկի հիշատակը հավերժացնելու համար՝ գյուղի դպրոցում դասասենյակ է անվանակոչվել նրա պատվին։

Հայկ Կառլենի Թևոյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայության» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան