Անմահ հերոս Մերուժան Ստեփանյան
«Մա՛մ, գնա եկեղեցի իմ և իմ տղերքի համար մոմ վառի, չմոռանաս, չուշանաս». ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի վերջին խոսքերն են եղել մորը՝ Նունեին։
Ծնունդով գյումրեցի Մերուժան Ստեփանյանը՝ ծնվել է 1993 թվականի հունվարի 17-ին։
Մերուժանը դեռ վաղ տարիքից՝ աչքի առաջ ունեցել է զինվորականի կերպար․ իր՝ հորը, ով որդու մեջ սերմանել էր հայրենասիրություն ու կամային բարձր արժեքներ։ Փոքրուց Մերուժանը հոր աշխատանքի վայրում՝ զորամասում, շատ է եղել ու ամեն անգամ՝ զորամաս այցելելը նրա համար իրական տոն է եղել։
Հարազատները հիշում են, որ Մերուժանը շատ ճարպիկ էր, ամեն ինչ շատ շուտ էր սովորում, նվագում էր, երգում, ստեղծագործում, նկարում, ամեն ոլորտում ուզում էր առաջ գնալ, իր համար չկար անհաղթահարելի ինչ-որ բան, ամեն տեղ սովորում էր ու կրթվում։
Մերուժանը սովորել և ավարտել էր Գյումրու թիվ 42 դպրոցը։ 2009 թվականին կատարել է իր առաջին և կարևորագույն քայլերից մեկը` ընդունվել է Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ 2013 թվականին գերազանցությամբ ավարտել է ու անցել ծառայության Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում՝ որպես մոտոհրաձգային դասակի հրամանատար։ 2015 թվականից գումարտակի հետախուզության պետն էր։
Ծառայության ընթացքում Մերուժանը ժամանակից շուտ արաժանացել է ավագ լեյտենանտի կոչման, քանի որ իր անձնակազմի հետ՝ կարճ ժամանակահատվածում, մարտական բարձր պատրաստավծության արդյունքում կասեցրել է հակառակորդի բազմաթիվ դիվերսիոն ներթափանցման փորձեր։
2016 թվականի ապրիլի 1-ի` լույս 2-ի գիշերը, թշնամին ձեռնարկել է լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի սահմանի ողջ երկայնքով։
170 Մ/Դ ուղղությամբ մի քանի անգամ ձեռնարկված գրոհները կասեցվել են հրամանատարի ու զինվորների ջանքերի, մարտական բարձր պարտրաստվածության արդյունքում։
Հրամանատարի կողքին՝ մինչև վերջին շունչը, պայքարել են նրա ջոկի տղաները՝ հետախույզներ Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանը, Վիկտոր Յուզիխովիչը, որոնք զոհվել են իրենց հրամանատարի հետ՝ հակառակորդի մեծաքանակ ուժերի գրոհը կասեցնելիս։
170Մ/Դ-ի անձնակազմի անդամներն իրենց անօրինակ սխրանքի համար հատմահու պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության և Արցախ Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով:
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: