Անմահ հերոս Հայկ Քալանթարյան

Հայկը Քալանթարյանը ծնվել է 1998 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Տավուշի մարզի Նավուր գյուղում։ Քույրը հիշում է, որ Հայկը չէր սիրում իր ծննդյան օրն ու միշտ այդ օրվա հետ կապված ասում էր՝ «Ես դժբախտ մարդ եմ, քանի որ իր ծննդյան օրը բազմաթիվ մարդիկ են մահացել ու սգո օր է»։
Սովորել էր Նավուր գյուղի դպրոցում, ավարտել է 2016 թվականին ու ուսումը շարունակել Բերդ քաղաքի Պետական քոլեջի մենեջմենթ բաժնում։
2017 թվականին բարձր տրամադրությամբ անցել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Հադրութի շրջանի N զորամասում։ Հայկը մշտապես ցանկացել է ծառայել Արցախում, նույնիսկ հարազատներին ասել էր, որ անպայման Արցախ է գնալու։
2018 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից՝ մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Հայկ Ռազմիկի Քալանթարյանը:
Քույրն ասում է, որ եղբայրը շատ օրինակելի մարդ էր, ազնիվ, աշխատասեր, բարի և անչափ հայրենասեր։
Հայկ Քալանթարյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: