Անմահ հերոս Արտակ Պետրոսյան
Հայրենիքի պաշտպանության գործում անմահացած Արտակը ծնվել է 1997 թվականի հունիսի 18-ին՝ Լոռու մարզի Մեծավան գյուղում։
Սովորել և 2014 թվականին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։
Արտակը փոքրուց բռնցքամարտով էր զբաղվել, ծառայության ընթացքում էլ՝ ընտանիքից մարզվելու պարագաներ է խնդրել: Նա աղավնիներ էր պահում, նկարել, փորագրել ու այլ բազմաթիվ նախասիրություններ է ունեցել:
2015 թվականի ամռանը՝ Արտակը զորակոչվել էր պարտադիր զինվորական ժամկետային ծառայության, սկզբնական շրջանում Արմավիրի զորամասերից մեկում 6-ամսյա ուսումնական փուլ անցնելուց հետո՝ տեղափոխվել է Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մատաղիսի N զորամաս, որպես՝ տանկի մեխանիկ-վարորդ:
Տանկի անձնակազմի անդամներն էին Արտակ Պետրոսյանը, Միշա Աղաջանյանը և Դավիթ Հայրապետյանը:
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամին անցել էր լայնամասշտաբ ռազմական գործողությունների արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա, հրետանի, ինչպես նաև՝ մեծաքանակ կենդանի ուժ կուտակել։ Ապրիլի 4-ին անձնակազմը խոցվել է՝ մարտական խնդիր կատարելիս։
Արտակի զոհվելուց հետո՝ ծնողներին հանձնել են նրա խաչը, որի վրա Արտակը փորագրել էր իր և սիրած աղջկա անվան առաջին տառերը, սակայն խաչի այն մասը, որտեղ Արտակի անվան տառն էր գրված՝ խոցվելուց հետո կոտրվել է։
Արտակ Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» և Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով:
Հարազատ դպրոցում դասասենյակներից մեկը կրում է Արտակի անունը։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: