Անմահ հերոս Սասուն Սահակյան

Սասուն Նիկոլայի  Սահակյանը ծնվել է 1990  թվականի հունվարի 6-ին՝ Արցախի  Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի  կողմից) Մարտունու շրջանի Դեմիրճյան գյուղում, բայց ապրել է Շուշիում։ Նախնական կրթությունը ստացել է Շուշիի Արամ Մանուկյանի անվան վարժարանում, հետո տեղափոխվել է Դանիել Ղազարյանի անվան երաժշտական մասնագիտական, հանրակրթական դպրոց։ Տիրապետել է քամանչա, կլառնետ երաժշտական գործիքներին։

2002-2003թթ.-ին տեղափոխվել է Շուշիի Խ.Աբովյանի անվան թիվ 1 դպրոցի 6-րդ դասարան։          2003-2004 ուսումնական տարում՝ արդեն հաճախել է Մուրացանի անվան դպրոց։

2005-2006թթ. ուսումնական տարում Սասունը տեղափոխվել է Ստեփանակերտի թիվ 3 դպրոց՝ ուսումը շարունակելու 9-րդ դասարանում և զուգահեռ արհեստագործական բաժնում սովորելու «Ավտոմեխանիկ և ավտովարորդ» մասմնագիտություններով։

Սասունը սիրել է զբաղվել ձկնորսությամբ և որսորդությամբ։ 2006թ.-ին նա մասնակցել է  Արցախի Հանրապետության Բնապահպանության նախարարության կողմից կազմակերպված Հանրապետական ձկնորսության մրցույթին և գրավել 2-րդ տեղը:

2008 թ.-ի մայիսին Սասունը  զորակոչվել է ծառայության` ԱՀ պաշտպանության բանակի 2-րդ պաշտպանական գունդ` որպես հետախուզական խմբի դիպուկահար:  Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Վ . Իշխանյանի մասնավոր փայտամշակման գործարանում:

2012 թ.-ի սպտեմբերին ընդունվել  է Շուշիի Ա. Խաչատրյանի անվան քոլեջի  «Ռադիոտեխնիկայի» բաժինը: 2012թ.-ին անցել է  պայմանագրային ծառայության ԱՀ ՊԲ հակաօդային պաշտպանության զորքերում՝ որպես գնդացրորդ և ստացել կրտսեր սերժանտի կոչում։

2014 թ.-ին  տեղափոխվել է Հաթերք գյուղի զորամաս, և հետո՝ այնտեղից զորացրվել։

2016 թ.-ին Սասուն Սահակյանը կամավոր մասնակցել է Ապրիլյան պատերազմին և ծառայել մինչև հունիսի 22-ը: Կատարած սխրագործությունների, բացառիկ քաջության համար ԱՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

«Սասունի հիմնական զբաղմունքը շինարարությունն էր, սիրում էր քարը քարի վրա դնել, կառուցել, շենացնել. նա ճանաչված շինարար էր: Արցախի տարբեր շրջաններում կատարել է բազմաթիվ շինարարական աշխատանքներ: Ազատ ժամանակ զբաղվում էր ձկնորսությամբ, որսորդությամբ, իրեն ասում էին «Շուշվա Վերսկան» կամ «Վերսկան Սասուն»»,- պատմում է քույրը` Ռաիսան։

2020թ-ի սեպտեմբերի 27-ին՝  Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմը սկսելուն պես, Սասունը կամավոր ներկայացել է N զորամաս և մասնակցել մարտական գործողություններին: Սկզբնական շրջանում եղել է  Արցախի հյուսիսային սահմանագծում։ Կատարած սխրանքների համար ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Սասունը կռվի ժամանակ երկու անգամ վիրավորվել է և հոսպիտալացվել, սակայն հրաժարվելով բուժումից՝  վերադարձել է զորամաս։  Հետո  միացել է իր խմբին ու մասնակցել տարբեր մարտերի:

«Ես ու Սասունը պատերազմի ողջ ընթացքում գրեթե միասին ենք եղել: Ամենասկզբից «Եղնիկներ»-ում ենք հանդիպել, հետո, երբ կորցրինք մեր մարտական ընկերոջը`Ասրյան Արթուրին, Սասունը նրա դին իջեցրեց Ստեփանակերտ: Մեզ ծանոթացրել է հենց նույն Ասրյան Արթուրը՝ Սասունին ներկայացնելով որպես խիզախ, նվիրյալ  և քաջ տղա, ում վրա կարող եմ հույս դնել: Հետագայում ես ինքս դրանում համոզվեցի: Սասունի տեսակը եզակի էր: Այնքան քաջ էր, երբ վիրավորումից հետո տեղափոխեցին Մուրացան, ես ևս վիրավորվեցի այդ ընթացքում ու երբ ինձ ևս տեղափոխեցին նույն հիվանդանոց, այնտեղ  իմացա, որ Սասունը փախել է, նորից մարտի դաշտում է: Ոչ միայն քաջ մարտիկ էր, այլև լավագույն արժեքներով օժտված մարդ, լավ ընկեր:  Երբ Սասունը մեզ հետ էր, վախը անհետանում էր, այդպիսի մարդիկ միշտ կողքիններին ուժեղ են դարձնում:  Սասունի նմանները պետք են մեզ, նա դեռ այնքա՜ն անելիքներ ուներ…»,- պատմում է ծառայակից ընկերը` Հարությունը։

Քաջ ծանոթ լինելով բոլոր տեղանքներին, մոլորված և շրջափակման մեջ գտնվող բազմաթիվ զինվորների կարողացել է ճիշտ կողմնորոշմամբ՝ հեռախոսի միջոցով բացատրել  անտառի  միջով  անցնող ճանապարհները, և դուրս  հանել շրջափակումից:

Գնահատելով ժամանակի սղությունը՝ տարբեր ուղղություններում  շտապ օգնության վարորդի հետ միասին  դուրս են բերել  զոհված և վիրավոր տղաններին այն վայրերից, որտեղ հետ դարձի հավանականություն ընդանրապես չի եղել։

«Եղբայրս  մասնակցել է նաև Շուշիի շրջանի Քարին տակի համար մղվող ահեղ մարտերին՝ չլսելով վերադասների հորդորները։  Քարին տակ գյուղի մատույցներում նորից վիրավորվել է ձեռքից, սակայն ուշադրություն չի դարձրել,  մարտերը շարունակել է  Շուշիի պաշտպանության  համար և իր դիպուկահար «Սակո» զենքով հակառակոդին հասցրել է մեծ քանակությամ կենդանի ուժի կորուստներ։ Շուշիի մարտերի ժամանակ Սասունս կարողացել է մեքենայով նկուղներից տարհանել քաղաքացիական անձանց։  Նոյեմբերի  7-ին՝ նրան չտարան մասնակցելու, բայց նա միացավ ընկերներին և մասնակցեց Շուշիի և Քարին տակի ճանապարհահատվածում ընթացող մարտերին։ Հետ դարձի ճանապարհին նա իջել է մեքենայից՝ իր տեղը զիջելով վիրավորում ստացած տղաններին,  հետո իրենց խմբի հետ մեքենայով  իջնելիս՝  Շուշիի մերձակայքում, մեքենայի մեջ նա վիրավորվել է ոտքերից:  Դրանից հետո կապը ընդհատվել է Սասունի հետ և նրան շուրջ  77 օր փնտրել ենք։ Միայն 2021թ.-ի հունվարի 21-ին՝ ԴՆԹ-ի նույնականացման արդյունքում, ճանաչվեց Սասունի ինքնությունը։                                 2021թ.-ի հունվարի 24-ին հուղարկավորել ենք Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում»,- պատմում է քույրը` Ռաիսան։

Սասուն Սահակյանը  հետմահու  պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի» շքանշանով:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

 Մանե Մանուկյան