Անմահ հերոս Մանվել Գալստյան
Մանվել Սարգսի Գալստյանը ծնվել է 2002 թվականի հունվարի 2-ին՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքում։ Առաջին դասարան հաճախել է Արտաշատում, հետո 2 տարի սովորել է Երևանի թիվ 125 դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Իջևանի 4-րդ միջնակարգ դպրոց։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո՝ ուսումը շարունակել է Իջևանի պետական քոլեջում, ծրագրավորողի մասնագիտությամբ։
«Մանվելի հետ ծանոթացել ենք Իջևանի քոլեջում, շատ լավ ընկեր էր ոչ միայն ինձ՝ այլև մյուսների համար։ Բարի սիրտ ունեցող տղա էր, հիշում եմ մի դեպք, երբ ընկերներից մեկի հետ քոլեջում խնդիր էր առաջացել ծխելու հետ կապված, Մանվելն ամբողջը վերցրել էր իր վրա։ Իր ծննդյան օրը՝ գալիս էր գյուղ, միասին նշում էինք, շատ ուրախ օրեր ենք անցկացրել միասին։ Մի օր էլ միասին գնացել էինք կառնավալ, շատ լավ օր ունեցանք, վերջում ինձ չթողեց վերադառնամ տուն, միասին մնացինք իրենց տանը, շատ լավ օր անցկացրինք»,- պատմում է ընկերը` Րաֆֆին։
Մոր խոսքով՝ Մանվելը շատ նրբանկատ ու նվիրված բնավորություն ուներ և՛ իր ընտանիքի, և՛ շրջապատի հանդեպ. «Նույնիսկ անծանոթ մարդուն մեծ սիրով կբարևեր։ Նույնիսկ ամենաչնչին բանի վրա կարող էր ուրախանալ և ուրախացնել բոլորին։ Եվ միշտ ասում էր, որ կարևորը մարդու հոգում լինի երջանկություն, ուրախանալու և դիմացինին ուրախ տեսնելու ցանկություն։ Շատ ու շատ նպատակներ ու երազանքներ ուներ իր մասնագիտության հետ կապված, ցանկանում էր ծառայությունն ավարտելուց հետո՝ բարձրագույն հաստատություններից մեկում ծրագրավորում սովորել՝ էլ ավելի խորացնելու համար իր գիտելիքները,- պատմում է մայրը` Անահիտը։
2020 թվականի հուլիսի 29-ին` կիսատ թողնելով ուսումը, զորակոչվել է հայկական բանակ՝ ծառայության անցնելով Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Ջրականի շրջանի զորամասերից մեկում։
«Ցավոք հասցրեց ծառայել ընդամենը 2 ամիս և սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Ինքը ոտքի հետ կապված խնդիր ուներ, կարող էր ծառայել որոշակի սահմանափակումներով, կամ ընդհանրապես չծառայել, բայց նա մեծ ոգևորվածությամբ մեկնեց ծառայության, երբեք չի բողոքել ծառայությունից, ծառայել է սիրով և մեծ պատասխանատվությամբ։ Իրեն նույնիսկ զինվորական կոշիկներ կրել չէր կարելի ոտքի խնդրի հետ կապված, բայց ինքը լուռ հագել էր մինչև այն պահը, երբ զինվորներից մեկը նկատել է, որ Մանվելի ոտքը այտուցված է և զեկուցել է վերդասներին ու դրանից հետո ծառայել է որոշակի սահմանափակումներով»,-պատմում է մայրը։
2020 թվականի սեպտեմբերի 23-ին՝ մայրը գնացել է Ջրական՝ որդուն տեսակցության։ Սեպտեմբերի 27-ին սկսվել է 44-օրյա պատերազմը ու հենց առաջին օրվանից` Մանվելը զանգահարել է տուն` մեծ ոգևորությամբ, և մայրը՝ ով նույնպես զինվորական է մասնագիտությամբ, զարմացել է այն հանգամանքից, թե ինչպես կարող է 2 ամսվա զինծառայողը, որը նույնիսկ իր զենքին չի հասցրել ծանոթանալ, քաջությամբ պատմի իրենց առաջխաղացումների, թեժ մարտերի մասին՝ առանց ոչ մի նշույլ երկյուղի և անհանգստության։
Մանվելը մեծ ցավ է ապրել իր զինակից ընկերների, վերադասների կորուստի համար, որոնք անմահացել են պատերազմի ընթացքում՝ իրենց կողքին։ Վերջին անգամ՝ հոկտեմբերի 8-ին, խոսել է մայրիկի հետ, ասել է` «Խոստացի՛ր, որ միշտ ժպտալու ես, ինչ էլ լինի ինձ հետ, ես շատ եմ սիրում, երբ դու ժպտում ես»:
Մայրն էլ որդուն է խնդրել խոստանալ, որ անպայման հետ է գալու, ցավոք Մանվելը խախտել է մայրիկին տված խոստումը` հանուն հայրենիքի։
Հոկտեմբերի 4-ին Մանվել Գալստյանը վիրավորվել է ոտքից, բայց չի ասել ընտանիքի անդամներին։ Մանվելը զինակից ընկերների հետ ընկել է շրջափակման մեջ և այդտեղ էլ զոհվել, հոկտեմբերի 8-ի՝ լույս 9-ի գիշերը, Հադրութի շրջանի Այգեստան գյուղում։
Մանվել Գալստյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Մարտական ծառայություն» մեդալով։
Նրա աճյունը հանգչում է Իջևանի Ենոքավան գյուղում։ Դա եղել է իր մորական պապիկի գյուղը, շատ է սիրել, նպատակ է ունեցել ծառայությունից վերադառնալուց հետո տուն կառուցել այդ գյուղում։ Եվ իր զոհվելուց հետո՝ ծնողները որոշել են որդուն հուղարկավորել իր սիրելի Ենոքավանում։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը
Մանե Մանուկյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: