Անմահ հերոս Կարեն Բեգլարյան

Կարեն Մհերի Բեգլարյանը ծնվել է 1997 թվականի  հունվարի 8-ին՝ Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) մայրաքաղաք Ստեփանակերտում։ Նախնական կրթությունը ստացել է Եղիշե Չարենցի անվան յոթերորդ միջնակարգ դպրոցում։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո՝ ընդունվել է Իվանյանի անվան ռազմական ուսումնարան։ Երկար տարիներ զբաղվել է սամբոյով ու զբաղեցրել մրցանակային տեղեր Հայաստանում և Ռուսաստանում։

«Մեր ազգը գաղթել է Էրզրումից և մեր ազգի գրեթե բոլոր տղամարդիկ մասնակցել են պատերազմների, բոլորը ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ Մեր ընտանեկան բոլոր խոսակցությունները վերաբերում էին՝ ռազմական գործին և դեռ մանկուց՝ Կարենի մեջ ձևավորվել էր հատուկ սեր դեպի հայրենիք և ես կարծում եմ, որ դա է հանդիսացել պատճառ, որպեսզի Կարենը գնա ռազմական  ճանապարհով։ Մենք դեմ էինք, որ ինքը ևս գնա այդ ճանապարհով, բայց հայրս կողմ էր, ասում էր, եթե ինքը ուժ է գտել իր մեջ՝ ծառայելու իր հայրենիքին, թող անի, քանի որ հիմա զգում ենք նման մարդկանց կարիքը։ Եղբայրս կրում էր հայրիկիս զոհված ընկերոջ անունը։ Սիրում էր ռազմական քոլեջը,  ակտիվ մասնակցություն ուներ բոլոր միջոցառումներին, շատ էր ուրախանում իր հաջողություններով։ Քանի որ ընտանիքում կային հաշմանդամություն ունեցող անձինք, որոնց խնամք էր պետք և Կարենը ակտիվ մասնակցություն ուներ այդ գործում, այդ իսկ պատճառով կիսատ թողեց ուսումը` սովորելով ընդամենը մեկ տարի,- պատմում է քույրը` Մերին։

Կարենը որոշում է ուսումը շարունակել արհեստագործական ուսումնարանում` որպես ավտոմեխանիկ։ Այնուհետև ավարտելով ուսումնարանը` ուսումը շարունակել է ՌԴ-ում քաղաք Նովոսիբիրսկի НВВКУ -ում (Новосибирское высшее военное командное училище)` որպես հետախույզ- սակրավոր։ Մեկ տարի սովորելուց հետո՝  հետ է վերադարձել հայրենիք։

«Ես իրեն 5-6 տարեկանից ճանաչել եմ՝ դուխով տղա էր, շուտ կողմնորոշվող, վստահելի ընկեր։ Եղել է սակրավոր-հետախույզ, բոլոր ծառայակից ընկերներով վստահում էինք իրեն, ինչ ճանապարհով որ գնար՝ բոլորս իր հետևից գնում էինք։ 2018 թվականից միասին ծառայել ենք Մարտակերտում։ Պատերազմական գործողությունների ժամանակ իրեն դրսևորել է շատ քաջ, չի եղել այնպիսի մի առաջադրանք, որ հետ գնար կամ կատարեր թերի։ Տրվել է առաջադրանք՝ ուրեմն պետք է կատարեր մինչև վերջ և այդպես  էլ եղավ․ կռվեց մինչև վերջին շունչը,-  պատմում է ծառայակից ընկերներից Ալեքսեյը։

2016 թվականին՝ 19 տարեկանում, Կարենը  զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության` Արցախի Հանրապետության Թալիշ գյուղի զորամաս։ Կարենը ծառայության ընթացքում մասնակցել է նաև Ապրիլյան պատերազմին, մարտեր է մղել հակառակորդի դեմ։ Երբ սկսվել է պատերազմը՝ Կարենը եղել է զինվորական հոսպիտալում ու հաջորդ օրը, երբ լսել է, որ  իր ընկերները պատերազմի մեջ են՝ փախել է հոսպիտալից,  բարձրացել է դիրքեր մասնակցելու գործողություններին։

«Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հայրս նոր էր մահացել և Կարենը՝ իր հասանելիք արձակուրդում էր գտնվում։ Քանի որ պատերազմի ժամանակ կապ չկար, ամուսինս, ով նույնպես այդ համակարգում էր` որպես ռազմական բժիշկ, Կարենի հետ միասին մեկնեցին ռազմաճակատ։ Կարենը կարծես սպասեր  այդ  օրվան, որ մեկներ։ Բակի տղամարդիկ Կարենի հետ միասին՝ կանանց, ծերերին ու երեխաներին մի քանի րոպեների ընթացքում տեղավորեցին նկուղում։ Իմ հայրական տունը շենքի առաջին հարկում էր ու ես՝ գիտակցելով պահի լրջությունը, որ հնարավոր  է այլևս չտեսնեմ իրենց,  բարձրացա մեր տուն և հրաժեշտ տվեցի եղբորս և ամուսնուս։ Եղբայրս ուներ տարիների ռազմական աշխատանքի փորձ և տանը մշտապես պահում էր հատուկ հետախույզի պայուսակ, որ հարկ եղած դեպքում վերցներ և շտապեր իր առաքելությունը կատարելու։ Եղբայրս  ամուսնացած էր, և՛ ես, և՛ իր  կինը սպասում էինք երեխայի, եղբայրս մեզ հորդորեց հնարավորության դեպքում  դուրս գալ նկուղից և գնալ Երևան, քանի որ սա ապրիլյանը չէ։ Մենք  դուրս եկանք, մայրս մնաց Արցախում։ Պատերազմի ընթացքում մշտապես կապ ենք ունեցել եղբորս հետ, մինչև դեպքի օրը։ Հոկտեմբերի վեցին՝ քեռուս ասել էին, որ վիրավոր է»։

Կարեն Բեգլարյանը վիրավորում ստացել է  Վարանգաթաղի Հակոբ  Կամարի կոչվող բարձունքում։ Դեպքից մի քանի օր առաջ՝  մի քանի անգամ թշնամին գրավել է բարձունքը, իսկ Կարենն ու ընկերները հետ են գրավել այն, քանի որ այդ բարձունքը ունեցել է կարևոր ստրատեգիական նշանակություն` տեսանելիության առումով այլ դիրքերի պաշտպանության առումով։ Ընկերների խոսքով այդ բարձունք միայն ծիտը կարող էր բարձրանալ ու Կարենը։ Այդ  բարձունքի գրավման գործում Կարենը մեծ դեր է  ունեցել, քանզի ընկերոջ հետ  միասին են կարողացել բարձրանալ։ Երկրորդ հետգրավման գործողությունների ժամանակ՝ Կարենը նկատել է մեծ թվով թշնամու  կուտակում։  Ասել է, որպեսզի ականանետով կրակի հակառակորդի վրա, ընկերը չի կրակել, ասելով որ եթե կրակի՝ իրենց էլ կկրակեն ու վիճակը կսրվի։ Կարենը վերցրել է ընկերոջ զենքը, կրակ բացել և հենց այդ պահին՝ տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով Կարենը ստացել է գլխի ծանր բազմաբեկորային վիրավորում, իսկ մյուս չորս ընկերները զոհվել են։  Ծառայակից ընկերները գիտակցելով, որ կյանքի հետ անհամատեղելի վնասվածք է ստացել, այնուամենայնիվ իջեցրել են բարձունքից և տեղափոխել են Մարտակերտի հոսպիտալ, այնուհետև՝ Ստեփանակերտի հիվանդանոց։ Այնտեղ՝ վիճակը կայունացնելուց հետո, տեղափոխել են Երևանի Մխիթար Հերացու անվան հիվանդանոց, վիրահատել են, 4 օր գիտակցության չգալով՝ հոկտեմբերի 13-ին մահացել է։

Հուղարկավորված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Մանուկյան