Անմահ հերոս Միքայել Ազարյան

Միքայել Արթուրի Ազարյանը ծնվել է 2001 թվականի հունվարի 10-ին` մայրաքաղաք Երևանում։ Նախնական կրթությունը ստացել է Երևանի` Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, որտեղ սովորելով ինը տարի, ուսումը շարունակել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի տնտեսագիտական ֆակուլտետում։ Մեկ տարի հետո՝ ընդունվել է Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանին կից քոլեջ, որտեղ նախ սովորել է հաշվապահության, այնուհետև` «Ճարտարապետաշինարարական դիզայն» բաժնում։ Ունեցել է մեծ հետաքրքրություն սպորտի հանդեպ, հաճախել է «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց», նաև «Փյունիկ» Ֆուտբոլային ակումբ, որտեղ մասնակցել է բազում մրցաշարերի։ Միքայելը շատ է սիրել ստեղծագործել, գրել է «Ռեպ» ոճի երգեր։
2019 թվականից անցել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության։ Ծառայել է Արցախի Հանրապետությունան (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Ջրականի շրջանի զորամասերից մեկում։
2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից՝ Միքայելը մասնակցել է մարտերին, մինչև հոկտեմբերի 9-ը եղել է Ջրականում, այնուհետև` Վարանդայում, Սարուշենում։ Երկու անգամ վիրավորում է ստացել, վերջինը` հոկտեմբերի 20-ին, Հադրութում, այնուհետև կռվել է Կարմիր Շուկայի հատվածում։
«Պատերազմի սկզբի երեք օրը չզանգեց, դրանից հետո արդեն ամեն օր զանգում էր։ Երբեք չէր բողոքում, միշտ ասում էր, որ ամեն ինչ նորմալ է։ Վերջին անգամ զանգեց հոկտեմբերի 28-ին, ժամը՝ մոտավորապես 12-ին։ Ասում էր, որ այսօր կռիվը ավելի թեժ է, հենց հանդարտվի՝ ինքը մեզ հետ կապի դուրս կգա։ Հենց այդ օրն էլ զոհվել է, մոտավորապես ժամը 2-ի սահմանում։ Հայրս գնացել և որոնողական աշխատանքներին է մասնակցել, նոյեմբերի 20-25-ին գտել են տղաների մարմինները, բերել են Գորիս, այնուհետև` Երևան։ Դեկտեմբերի 3-ին «ԴՆԹ»-ի միջոցով հաստատվեց, որ գտել ենք որդուս»,-պատմում է Միքայելի մայրը` Գայանե Ղարիբյանն ու շարունակում. «Սիրած աղջիկ ուներ, պատերազմի ժամանակ այդ աղջկան գրել էր նամակ, իսկ ինձ` քառատող։ Փոխանցել էր ընկերներին և ասել, որ եթե հետ չվերադառնա, մեզ փոխանցեն։ Դեռ վաղուց ստեղծագործում էր, բայց որևէ մեկին ցույց չէր տալիս, ես պատահական գտա այն տետրը, որտեղ գրել էր իր ստեղծագործությունները։ Ամբողջը հավաքելով՝ տպագրել եմ և գիրք դարձրել։ Գրքում որդուս կենսագրությունը, ստեղծագործությունները և մի քանի այլ հերոսների մասին փոքրիկ հատվածներ են։ Նամակները, որոնք գրել էր Միքայելը պատերազմի օրերին՝ ևս գրքում տպագրված են։ Գրքի տպագրման համար խոսել եմ մի քանի ընկերների հետ, պատմում են, որ բարձր գոտում են եղել, որտեղ արկ է պայթել և Միքայելը ծածկվել է հողով։ Մի կերպ կարողացել է դուրս գալ և տեսել է, որ թշնամին բարձրանում է։ Իրեն այդ սարից գլորել է ներքև, որպեսզի գերի չընկնի ու բարեբախտաբար՝ այդ ժամանակ ընդամենը մի քանի թեթև քերծվածքներ է ստացել»։
Տղաները մարտի դաշտում երկար ժամանակ սնունդ չեն ունեցել, քանի որ սննդով լի բեռնատարը գտնվել է ռմբակոծության տակ։ Պատմում են, որ Միքայելը մի կերպ կարողացել է հասնել բեռնատարին, վերցրել է սնունդն ու բաժանել ընկերներին։
«Միքայելն ու ես շատ կապված էինք, մեր մեջ ընկերական հարաբերություններ էին։ Անսահման բարի էր ու ուշադիր։ Հենց պատերազմի օրերին, կարծեմ հոկտեմբերի 18-ին՝ ունեցել ենք հեռախոսազանգ, ասաց` «Ես մեռնողը չեմ», այդ արտահայտությունը բոլորիս մեջ տպավորվել է, զանգը անգամ ձայնագրվել է ու դա ինձ համար իրենից վերջին ու ամենակարևոր հիշողությունն է։ Հոկտեմբերի 28-ին է ինձ զանգել վերջին անգամ, սակայն մեկ րոպեի տարբերությամբ ես հետ եմ զանգել ու այլևս չեմ կարողացել կապ հաստատել, իսկ հաջորդ օրվանից՝ ընդհանրապես կապ չկար։ Լուրեր էին տարածվել, որ Միքայելի գտնվելու վայրում ռմբակոծություններ են եղել, մենք արդեն հասկանում էինք, թե ինչ է տեղի ունեցել, բայց միևնույն է` հույսներս չէինք կորցնում։ Երկար ժամանակ անց՝ նոր իմացել ենք, որ զոհվել է։ Ռմբակոծության ժամանակ զոհվել է։ Նա բեկորային հարված է ստացել հենց սրտի հատվածում ու միանգամից մահացել է», – պատմում է Միքայելի մորաքրոջ աղջիկը` Սոնա Արամայիսյանը։
Միքայելը զոհվել է հոկտեմբերի 28-ին, Շեխերում` սրտի շրջանում ստացած բեկորային հարվածից։
Հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Հետմահու պարգևատրվել Հայաստանի Հանրապետության «Մարշալ Բաղրամյան», Արցախի Հանրապետության «Մայրական երախտագիտություն» և «Արիության համար» մեդալներով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Անի Խաչատրյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: