Անմահ հերոս Վահե Գասպարյան
Վահե Գասպարյանը ծնվել է 1988 թվականի ապրիլի 1-ին՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Սովորել է Ալավերդու համար 12 միջնակարգ դպրոցում: Վահեն դպրոց է հաճախել ընդամենը 6 տարի:
«Այն ժամանակ, որ վատ պայմաններում էինք ապրում, որդուս հետ գնացել էինք Բագրատաշենում աշխատելու: Տարբեր աշխատանքներ էինք կատարում»,-ասում է Վահե Գասպարյանի մայրը՝ Անահիտ Գասպարյանը:
2007 թվականի դեկտեմբերի 29-ին Վահեն զորակոչվել է հայկական բանակ՝ 20 տարեկանում: Ծառայել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Հարցին, թե ինչու՞ է որդին ուշ մեկնել ծառայության, մայրը դժվարանում է պատասխանել:
Անահիտը որդուն միայնակ է մեծացրել, մեծ դժվարությամբ: Հիշում է, որ երբ Վահեն բանակ գնաց, ինքը Ալավերդի է վերադարձել և աշխատանքի անցել Ալավերդու համայնքապետարանի կոմունալ ծառայությունում: Հիմա չի աշխատում:
Վահե Գասպարյանը ծառայությունն ավարտելուց մեկ տարի անց՝ նորից համալրել է ՀՀ զինված ուժերը՝ որպես պայմանագրային զինծառայող:
«Ինձ համար մեծ թիկունք էր: Մեծատառով տղա եմ ունեցել, որի նման հազվադեպ կարելի է հանդիպել: Վահեն բոլորին օգնության էր հասնում: Միայն թե չէր ամուսնանում, որ գոնե թոռնիկ ունենայի»,-ասում է Անահիտը:
2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Վահեն Արցախի Հանրապետություն (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) է մեկնել՝ մասնակցելու պատերազմին: Անահիտ Գասպարյանն ասում է՝ հետո է իմացել, որ որդին մասնակցում է մարտերին:
«Վահեն մի քանի լեզու գիտեր, այդ թվում՝ թուրքերեն: Բագրատաշենում աշխատելու տարիներին էր սովորել, այդ պատճառով է, որ առաջարկել է՝ իրեն էլ պատերազմ տանեն: Հոկտեմբերի 15-ին մեկնել են Խնձորեսկ, ապա Արցախ՝ Ջրականի շրջանի առաջնագիծ: Այնտեղ շրջափակման մեջ ընկած քսան հոգու հանել է շրջափակումից»,-ասում է Վահեի մայրը:
Վահե Գասպարյանը դիպուկահար է եղել: Մայրը պատմում է (Անահիտ Գասպարյանին այս մասին որդու զինակից ընկերներն են պատմել), որ մարտերի ժամանակ, փամփուշտ բերելու ճանապարհին, որդին ընկել է թշնամու արձակած կրակոցից: Ընկերը՝ Նարեկը, Վահեին այդ տարածքից դուրս բերելու համար գնացել է նրա հետևից և կրկին հարված ստացել թշնամու կողմից: Նույն ճակատագրին է արժանացել նաև բժիշկը:
Վահե Գասպարյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Ջրականի դիքերում: Նրան հուղարկավորել են Ալավերդու գերեզմանատանը:
Վահե Գասպարյանը ծառայության ժամանակ պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Հովհաննես Թումանյան» մեդալով: Բացի այդ, Վահեն հայրենիքին մատուցած ծառայությունների համար արժանացել է նաև մի շարք պատվոգրերի:
2021 թվականին՝ իր զորամասի հրամանատարի հրամանով, հետմահու արժանացել է «զորամասի պատվո գրքում զինծառայողի լուսանկարի զետեղում և անվան, հայրանվան ու ազգանվան գրառում» խրախուսանքին:
2021 թվականի մարտի 4-ին՝ Վահե Գարսպարյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայության» մեդալով:
«Հանուն հայ զինվորների» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Լուսինե Փարսադանյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: