Անմահ հերոս Իշխան Մանուկյան
Իշխան Արայի Մանուկյանը ծնվել է 2002 թվականի փետրվարի 19-ին՝ մայրաքաղաք Երևանում: Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան համար 11 դպրոցն ավարտելուց հետո՝ ուսումը շարունակել է Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի «Ատամնատեխնիկական գործ» բաժնում: Քոլեջն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Պարենամթերքի տեխնոլոգիաների» ֆակուլտետը: 2020 թվականի հուլիսի 30-ին զորակոչվել է հայկական բանակ՝ ծառայության անցնելով Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) զորամասերից մեկում՝ որպես հրետանավոր:
«Տղայիս բանակ ճանապարհելուց հետո՝ վատացել եմ, կարծես մայրական բնազդս հուշում էր, որ վատ բան է պատահելու»,- ասում է Իշխանի մայրը:
Ընկերասեր, հարեհաս ու չափազանց կատակասեր. այսպսին է եղել Իշխան Մանուկյանը: Նրա մանկության ընկերը՝ Սևան Մկրտչյանը, որի հետ նույն դասարանում են սովորել, հիշում է, որ ընկերներով պարտադիր նշում էին իրենց ծննդյան օրերը:
«Իշխանը իր ծննդյան օրվա մասին միշտ կատակով շեշտում էր՝ «Հայտնի մարդիկ այդ օրն են ծնվում», որովհետև ինքը ծնվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը»,- ասում է Սևանը:
Ֆուտբոլի սիրահար էր Իշխանը, հաճախում էր «Բանանց» ֆուտբոլային ակումբ:
«Հանգիստ էր, կոնֆլիկտային չէր: Գիտեր, թե որտեղ ինչպես պետք է խոսեր»,- որդուն այսպես է նկարագրում մայրը, հետո՝ հիշում է Արցախյան 44-օրյա պատերազմի օրերը։ Պատերազմի ժամանակ Իշխանը հարազատների հետ կարողացել է կապի դուրս գալ միայն սեպտեմբերի 29-ին:
«Թե ինչ վիճակում էի այդ երկու օրերին, պատմել չեմ կարող, որևէ լուր չկար Իշխանից: Հետո, երբ ամսի 29-ի առավոտյան զանգեց, այնպես էր խոսում, կարծես ոչինչ չի պատահել: Խոսում էր ուրախ ու իրեն բնորոշ հանգիստ ձայնով: Ասաց, որ ամեն ինչ լավ է, նորմալ է, բայց հետո ենք իմացել, թե այդ օրերին ինչերի միջով է անցել»,- ասում է մայրը:
Իշխանը երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Նա կռվել է Ջրականում, Հադրութում, Մարտունիում, Կարմիր Շուկայում, որտեղ էլ հոկտեմբերի 29-ին ստացել է ծանր վիրավորում՝ հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից:
«Որդիս 34 օր կռիվ է տվել, բայց ես այդ մասին իմացել եմ միայն պարտերազմից հետո, նրա մարտական ընկերներն են պատմել: Պատմել են նաև, որ, երբ մարտի դաշտում հրամանատարը բոլորին հրահանգել է դուրս չգալ խրամատներից, որոհետև անընդհատ կրակոցներ են եղել, Իշխանը սողալով մոտեցել է հրետանուն ու ևս մի անգամ կրակ հասցրել թշնամուն»,-ասում է Իշխանի մայրը:
Մայրը պատմում է, որ երբ որդուն հիվանդանոց են տեղափոխել, վիճակը շատ ծանր է եղել, բայց կարողացել է ձեռքերով հուշել մոր հեռախոսահամարը:
«Երբ նրան տեսա՝ անճանաչելի էր: Իմ ձայնից, իմ գոռոցից կիսով չափ առաջ եկավ, այդ տեսարանն իմ աչքի առաջ է միշտ, քանի որ խոսել չէր կարողանում, ձեռքի բութ մատով ցույց տվեց, որ լավ է: Հանգիստ ժպտում էր, գլխով էր անում՝ այդպես արձագանքելով ասածներիս»։
Անգամ այդ ծանր պահերին՝ Իշխանը չի ցանկացել ցավացնել մորը, ցույց տալով, որ ինքը լավ է: Ավա՜ղ, հարվածը ծանր է եղել: Վեց օր կյանքի համար պայքարելուց հետո՝ նոյեմբերի 5-ին, 18-ամյա իշխանի սիրտը կանգ է առել:
«Իշխանին երբեք բացակա չենք դնում, նա միշտ մեզ հետ է»,-ասում է Իշխանի ընկերը:
«Իշխանի մասին երգեր ու գրքեր են գրվել: Նրա ուսուցչուհին դպրոցում նաև ներկայացում է բեմադրել, որում Իշխանի կյանքն է եղել»,-հավելում է մայրը:
Իշխան Մանուկյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով:
«Հանուն հայ զինվորների» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Լուսինե Փարսադանյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: