Անմահ հերոս Կարեն Միրզոյան

Կարեն Արթուրի Միրզոյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 23-ին` Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Ագարակի միջնակարգ դպրոցում, ունեցել է մեծ հետաքրքրություն ֆուտբոլի և հունահռոմեական ըմբշամարտի հանդեպ։ Դպրոցն ավարտելուն պես` ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան և զորակոչվել է հայկական բանակ։
2019 թվականի հունվարի 25-ին նա անցել է զինվորական պարտադիր ժամկետային ծառայության՝ Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Ստեփանակերտ քաղաքի զորամասերից մեկում։ Զորակոչից կարճ ժամանակ անց` իր ճարպկության շնորհիվ ստացել է սերժանտի կոչում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին։
«Կարենը դեռ փոքրուց շատ բարի էր, ուներ մեծ սիրտ։ Մարտական ընկերները պատմում են, որ անգամ վերջին շապիկը կհաներ ու կտար կարիքավորին, յուրահատուկ ձևով է մոտեցել ընկերությանը։ Պատերազմի ընթացքում ամեն օր պարտադիր զանգում էր, անգամ տարբեր հեռախոսներով, որպեսզի մենք հանգիստ լինենք», պատմում է Կարենի մայրը` Արաքսյան ու շարունակում, – «Վերջին անգամ զանգեց նոյեմբերի 7-ին, այդ ժամանակ Շուշիում էր, ասաց, որ ամեն ինչ նորմալ է, սպասում են, որ գնան Ստեփանակերտ։ Խոսելու ընթացքում կրակոցի ձայներ էի լսում, ասաց, որ մերոնք են կրակում, հանգիստ լինենք։ Մեր խոսակցությունից հետո արդեն շրջափակման մեջ են հայտնվել, զանգերին կամ չէր պատասխանում, կամ անջատում էր»։
Պատերազմի ընթացքում Կարենը 25 օր կռվել է ամենաթեժ վայրերում` Ջրականում, Հադրութում, Քարինտակում, որի մասին միայն հայրն է իմացել։ Զոհվելուց հետո Կարենը հայտնվել է իր մայրիկի երազում ու հրաժեշտ տվել, ասելով` «Ես գնում եմ տատիկի մոտ» և կաղելով քայլել։ Այդ ժամանակ մայրը դեռ չգիտեր, որ որդին ոտքից վնասվածք է ունեցել, չգիտեր, որ մահացել է, սակայն ամեն ինչ երազի միջոցով հայտնի է դարձել։ Երբ մայրը որոշել է էլի երեխա ունենալ, այդ ժամանակ ևս Կարենը հայտնվել է երազում ու ասել` «Ես կամ, ես վերադառնում եմ»։
«Ես և Կարենը մանկության ընկերներ էինք, միասին ըմբշամարտի էինք հաճախում, այնտեղ ենք մտերմացել, բոլոր հիշողությունները կապված են մանկության հետ։ Միաժամանակ ենք եղել ծառայության մեջ, սակայն իրարից հեռու։ Մահվանից մեկ օր առաջ ունեցել ենք հեռախոսազանգ, ասում էր, որ Շուշիում է, հրետանու տակ պառկած կրակոցներն է հսկում։ Մահվան մասին լուրն իմացել եմ մեր ընդհանուր ընկերոջից»,- պատմում է Կարենի մանկության ընկերը` Արթուր Հովակիմյանը։
Նոյեմբերի 6-ին ընկերոջը հեռախոսազանգով ասել է, որ Շուշիում վիճակը վատ է, սակայն իրենք չեն պատրաստվում փախուստի դիմել, կռվելու են մինչև վերջ, և այդպես էլ եղավ։ Կարենը մինչև վերջին շունչը կռվել է, արել ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի թշնամու ձեռքում չհայտնի ոչ հայերենի հողը, և ոչ էլ իրենք։
«Պատերազմի ընթացքում մարտական էր տրամադրված, կարողանում էր հակահարված տալ թշնամուն, քաջալերել ընկերներին։ Մահվան լուրը սպայից եմ իմացել, այդ ժամանակ Կարենն արդեն Շուշիում էր, ես` Մարտունիում։ Ամեն օր ունեցել ենք հեռախոսազանգ ու իմացել եմ, որ ոտքի հատվածում վիրավորում է ստացած եղել։ Մահվան օրը մի քանի անգամ զանգել եմ Կարենին, անհասանելի է եղել, որից հետո արդեն իմացել եմ մահվան հանգամանքները»- պատմում է Կարենի մարտական ընկերը` Գագիկ Պողոսյանը
Կարենը զոհվել է նոյեմբերի 7-ին` Շուշիում։ Հայտնվելով շրջափակման մեջ ու հասկանալով, որ այլևս որևէ ելք չկա, ամեն պահ կարող են թշնամու ձեռքն ընկնել` ինքնասպանության են դիմել, նախընտրելով մեռնել իրենք իրենց, այլ ոչ թե թշնամու ձեռքով։
Նա հուղարկավորված է Ագարակի գերեզմանատանը։
Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Անի Խաչատրյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: