Անմահ հերոս Արտավազդ Ղարիբյան

Արտավազդ Արշակի Ղարիբյանը ծնվել է 1982 թվականի սեպտեմբերի 2-ին՝ մայրաքաղաք Երևանում։ Նախնական կրթությունը ստացել է թիվ 160 հիմնական դպրոցում։ Աշխատել է՝ որպես այգեպան։ Սիրել է զբաղվել որսորդությամբ։

«Մենք ծանոթացել ենք խնջույքի ժամանակ, ես իմ ընկերուհիների հետ էի հրավիրված, ինքը՝ իր ընկերների։ Ծանոթացել ենք շատ պատահական։ 2004-2005 թվականներն էր, մոտ ութ ամիս ենք ընկերություն արել և մի գեղեցիկ օր որոշել ենք, որ ապրելու ենք միասին։ Մեր համատեղ ապրած 16 տարիների ընթացքում՝ ունցել ենք երկու դուստր»,- պատմում է կինը` Սուսաննան։

Արցախյան 44-օրյա պատերազմի սկսվելու առաջին իսկ օրվանից՝ Արտավազդը մշտապես հետևել է լուրերին, կապ է ունեցել ընկերների հետ, որոնք այդ օրերին եղել են կռվի դաշտում։ Կամավոր ուզել է մեկնել ռազմաճակատ, բայց չի ստացվել։ Հոկտեմբերի 26-ին՝  զինկոմիսարիատից եկել է ծանուցագիրը, Արտավազդը ներկայացել է և շատ արագ մեկնել կռվի դաշտ։

«Պատերազմական գործողությունների ժամանակ եղել ենք միասին։ Խիզախ տղա էր, նվիրված, պատրաստակամ ազգին օգնելու, նույնիսկ հիշում եմ, որ հիվանդ հայր ուներ, բայց իր ընտանիքին թողել ու եկել էր, որպեսզի մասնակցեր հայրենիքի պաշտպանության համար մղվող գործողություններին։ Կռվել ենք տարբեր տեղանքներում, սկզբից եղել ենք Արցախի Հանրապետության ( այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի դիրքերում, հետո՝ Ալաշան գյուղի դիրքերում, այնուհետև եղել ենք Մարտունու շրջանում»,-պատմում է ծառայակից ընկեր Էդգարը։

Պատերազմական գործողությունների ժամանակ Արտավազդը մշտապես զանգահարել է տուն, վերջին անգամ զանգել է նոյեմբերի 8-ին։ Կինը պայթյունի ձայներ է լսել, բայց Արտավազդը հանգստացրել է, ասելով,  որ ամեն բան կարգին է և անհանգստանալու կարիք չկա  ու անպայման հետ է գալու։

«Նվիրված, հոգատար ընտանիքի հայր էր, չափից դուրս համբերատար։ Սիրված ամուսին էր, հայր, զավակ։ Արտավազդը զոհվել է նոյեմբերի 8- ին, բայց մենք իրեն գտել ենք շատ մեծ դժվարությամբ՝ 3 ամիս անց, ԴՆԹ հետազոտությամբ  և հուղարկավորել 2021 թվականի փետրվարի 4-ին»,- պատմում է Սուսաննան։

Արտավազդ Ղարիբյանը զոհվել  է  2020 թվականի նոյեմբերի 8-ին           Մարտունու շրջանում՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։ Նա հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայության»  մեդալով։

44-օրյա պատերազմի օրերին ռազմական լրագրող Դավիթ Թորոսյանը լուսանկարել է Արտավազդին և մյուս  զինակից ընկերներին։ Պատերազմի ժամանակ ընտանիքի  անդամները չեն տեսել հրապարակված լուսանկարները, Արտավազդի զոհվելուց հետո են տեսել` Դավիթ Թորոսյանի  «44-ի տղերքը»  հեղինակային գրքի էջերում։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Մանուկյան