Անմահ հերոս Սանասար Գրիգորյան
Սանասար Գրիգորյանը ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 1-ին Արցախի Մարտունու շրջանի Հերհեր գյուղում (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից): Միշտ ապրել ու սովորել է հայրենի գյուղում: Սանասարը կապված էր Արցախի հետ, նա իրեն չէր պատկերացնում առանց իր գյուղի ու տան:
Սանասարը հանգիստ ու հանդարտ բնավորություն ուներ, ազատ ժամանակ սիրում էր զբոսնել ու վայելել Արցախի հիասքանչ բնությունը: Սիրում էր ընկերական շրջապատն ու հարազատներին, նվիրված էր ու հոգատար։
2007 թվականին անցել է պարտադիր զինվորական ծառայության Արցախում: Ավարտելով ծառայությունը անցել է պայմանագրային ծառայության նույն զորամասում, որից հետո ծառայությունը շարունակել է Մարտունիի N զորամասերից մեկում։
2010 թվակնին ամուսնացել է, ունի մեկ աղջիկ: Սանասարի կինը պատմում է, որ նա հաճախակի է բացակայել տանից ծառայության պատճառով, իսկ երբ մի անգամ նա Սանասարին առաջարկել էր թողնել այդ աշխատանքը, նա կտրուկ պատասխանել է, որ չի ցանկանում թողնել ու դա իր համար աշխատանք չէ, այլ պարտականություն՝ պաշտպանել իր հայրենիքը:
2016 թվականին Սանասարը մասնակցել է Ապրիլյան ռազմական գործողություններին։ 2016 թվականի հոկտեմբերի 11-ին` ժամը 12:10-ի սահմաններում, ՊՆ արևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից Սանասար Մանվրիկի Գրիգորյանը զոհվել է:
Սանասարը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով:
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: