Անմահ հերոս Սարգիս Գասպարյան

Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Սարգիս Գասպարյանը ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 23-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում, տարիներ հետո ընտանիքը տեղափոխվել է Արցախ՝ Շուշի (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից)։

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի տնտեսագիտական քոլեջ, որից հետո Ստեփանակերտի Մ. Մաշտոցի անվան համալսարան:

Քույրը՝ Ինգան, հիշում է՝ եղբայրը շատ բարի էր, նվիրված, ընկերասեր, միշտ պատրաստ էր հանուն բոլորի զոհաբերել իրեն, միաժամանակ շատ պինդ բնավորություն ուներ։

2-րդ կուրսում՝  2014 թվականին, զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության  Արցախի Հանրապետության Մեխակավանի (Ջրական) զորամասերից մեկում (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից), որոշ ժամանակ անց տեղափոխվեց Մարտակերտի շրջանի Եղնիկներ կոչվող զորամաս։

Սարգիսը 2016 թվականի փետրվար ամսին ավարտել էր ծառայությունը, սակայն, նույն տարվա Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ կամավորագրվել ու մեկնել է առաջնագիծ, գործողությունների թեժ օրերին եղել է առաջնագծում, հետո մի քանի օրով վերադարձել տուն ու նորից բարձրացել դիրքեր։

Ապրիլի 30-ին թշնամին կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը և կրակահերթ արձակել հայկական դիրքերի ուղղությամբ: Փոխհրաձգության ժամանակ Սարգիսը առանց վարանելու նետվել էր ընկերոջը օգնություն ցույց տալու, ինքը ևս ծանր վիրավորվել էր։ Մի քանի օր զինվորական հոսպիտալում պայքարել էր կյանքի համար, սակայն մայիսի 2-ին մահացել։

Սարգիս Արթուրի Գասպարյանը  հետմահու պարգևատրվել   է,  Հայաստանի Հանրապետության  «Մարտական ծառայություն», Արցախի Հանրապետության  «Արիության համար» մեդալներով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան