Անմահ հերոս Մարատ Դանիելյան
Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Մարատ Դանիելյանը ծնվել է 1984 թվականի մարտի 6-ին Արցախի (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից)՝ Ստեփանակերտ քաղաքում։ 1991-2001 թվականներին սովորել է Ստեփանակերտի Խ․ Աբովյանի անվան դպրոցում։
2002-2004 թվականներին անցել է պարտադիր զինվորական ծառայության, հետո կրթություն ստացել Արցախի Պետական համալսարանում։
«Ամուսինս շատ մարդամոտ էր, ինչն էլ ինձ գրավել էր միանգամից մեր շփման ընթացքում, բարի ու մաքուր անձնավորություն էր»,-հիշում է կինը՝ Լուսինեն։
Մարատը 2007 թվականին ամուսնացել էր, ունի տղա ու աղջիկ։ Երեխաների դաստիարակությամբ հիմնականում նա էր զբաղվել, կապված էր նրանց հետ, անում էր հնարավոր ու անհնար ամեն բան երեխաներին լավ դաստիարակելու ու ապահովելու համար։ Պատերազմի թոհ ու բոհում մեծացած Մարատը ոչինչ չէր խնայում իր երեխաների համար։
«Հիմա ես եմ փորձում ամեն կերպ նմանվել նրան՝ երեխաներին դաստիարակելու հարցում, փառք Աստծո ստացվում է» , – ասում է կինը։
2015 թվականից զբաղեցրել է «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցի վարիչի պաշտոնը։
2016 թվականի Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ ստեփանակերտցի Մարատը այն կամավորներից մեկն էր, ով անհապաղ մեկնեց առաջնագիծ։ Մարատը ռազմադաշտից այլևս չվերդարձավ, ապրող սերունդներին թողնելով հայրենի հողը պահպանելու պատգամը։
Ապրիլի 21-ին հակառակորդի կողմից նախահարձակ գործողությունների արդյունքում՝ Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում է զոհվել Մարատ Դանիելյանը։
Լուսինեն հիշում է՝ ամուսինը մեկնելուց առաջ հրաժեշտ էր տվել բոլորին, իսկ պատերազմի օրերին, երբ զանգահարում ասում էր՝ երեխաներին չնեղացնեք։
Որպես զոհվածի այրի Լուսինեն միայն խաղաղություն է ցանկանում ու ասում՝ թող ոչ մի ընտանիք չզգա ու չապրի այն ցավն ու կորուտը, որն ապրել է իր ընտանիքը։
Մարատ Ռաֆայելի Դանիելյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: