Անմահ հերոս Մայիս Միրզոյան

Ապրիլյան ռազմական գործողություններում զոհված կամավորական Մայիս Երջանիկի Միրզոյանը ծնվել է 1956 թվականի մայիսի 1-ին Սիսիանի Դարբաս գյուղում:
1963-1973 թվականներին սովորել է Դարբասի միջնակարգ դպրոցում: 1973-1974 թվականներին Երևանի թիվ 9 տեխնիկական ուսումնարանում: 1974-1977 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում:
1977-1979 թվականներին աշխատել է Տաթև ՀԷԿ-ի գլխային կառույցում` համատեղելով ուսումը Սիսիանի Պոլիտեխնիկումում: 1988 թվականին Արցախյան շարժման առաջին օրից մասնակցել է ՀՀ սահմանների, ապա Արցախի (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Բերդաձորի ենթաշրջանի պաշտպանությանը:
1993 թվականից ծառայության է անցել ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում որպես դասակի հրամանատար, ստացել ավագ լեյտենանտի կոչում:
1993 թվականի մարտի 31-ին Քարվաճառի ազատագրման ժամանակ, Վակունիս գյուղի համար մղվող մարտերում վիրավորվել էր: Բուժվելուց հետո վերադարձել շարք, դարձել վաշտի հրամանատար և մասնակցել Արցախյան ազատագրման համար մղվող մի շարք գործողույթունների։ Պարգևատրվել է մի շարք կառավարական մեդալներով՝ Հայաստանի Հանրապաետության «Մարտական ծառայություն», Երկրապահ Կամավորական միության հուշամեդալով, Արցախի Հանրապետության «Մայրական երախտագիտության» մեդալով։
1996 թվականին նշանակվել է N զորամասի մարտական պատրաստության խմբի պետ` ստանալով կապիտանի կոչում: 1997 թվականին նշանակվել է 4-րդ բանակային կորպուսի ուսումնական կենտրոնի պետ, մասնակցելով բանակաշինության բոլոր փուլերին։ Փոխգնդապետի կոչումով 2011 թվականին անցել է կենսաթոշակի:
2012 թվականին ընտրվել է Դարբաս համայնքի ղեկավարի պաշտոնում: 2015 թվականին ընտրվել է ԵԿՄ Սիսիանի տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնակատար:
2016 թվականին Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Սիսիանի կամավորական ջոկատի կազմում, իր վաղեմի մարտական ընկերների հետ մեկնել է Արցախ՝ կանգնելու հայոց բանակի կողքին։
Ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանում Սիսիանի կամավորական ջոկատի ավտոբուսը ենթարկվել է ռմբակոծության, որի հետևանքով ջոկատի բոլոր անդամները զոհվել են։ Սիսիանի կամավորականների ջոկատի զոհված բոլոր անդամները մասնակցել էին Արցախյան առաջին պատերազմին՝ Սեդրակ Ասրյան, Սերգեյ Դանղյան, Արմեն Հովհաննիսյան, Դավիթ Սարգսյան, Կարո Համբարձումյան, Եղիշե Նիկալյան, Էդուարդ Ալեքսանյան, Արմեն Բեգլարյան և Մայիս Միրզոյան:
Մայիս Միրզոյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Հայրենիքի մատուցած ծառայությունների համար» մեդալով:
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: