Անմահ հերոս Եղիշե Նիկալյան

Եղիշե Արտավազդի Նիկալյանը ծնվել է 1961 թվականի սեպտեմբերի 20-ին Սյունիզի մարզի Լծեն գյուղում։ 1968-1976 թվականներին սովորել է Լծեն գյուղի դպրոցում։

1976-1979 թվականներին սովորել է Երևանի թիվ 32 պրոֆտեխուսումնարանում` ստանալով ավտոէլեկտրիկի մասնագիտություն:

1978-1981 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում: Մի քանի տարի Սիսիան քաղաքում աշխատելուց հետո բնակություն է հաստատել Լծեն գյուղում, աշխատել կոլտնտեսությունում որպես վարորդ:

1992 թվականին մասնակցել է Արցախի՝ (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Բերձորի (Լաչինի)  մարդասիրական միջանցքի և Քաշաթաղի 11 գյուղերի ազատագրման գործողություններին:

Արցախյան պատերազմի մասնակցության համար պարգևատրվել է  «Անդրանիկ Օզանյան», «Արաբո», «Մարտական ծառայություն», Արցախի Հանրապետության «Մայրական երախտագիտության», «ՀՀ Զինված ուժեր» 20-տարեկան հոբելյանական,  «Վազգեն Սարգսյան» անվան մեդալներով:

2016 թվական ապրիլին Սիսիանի կամավորականների ջոկատի  կազմում մեկնել է առաջնագիծ՝ կանգնելու զինվորի կողքին։Ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանում Սիսիանի կամավորական ջոկատի ավտոբուսը ենթարկվել է ռմբակոծության, որի հետևանքով ջոկատի բոլոր անդամները զոհվել են։ Սիսիանի կամավորականների ջոկատի զոհված բոլոր անդամները մասնակցել էին Արցախյան առաջին պատերազմին՝ Սեդրակ Ասրյան, Սերգեյ Դանղյան, Արմեն Հովհաննիսյան, Դավիթ Սարգսյան, Կարո Համբարձումյան, Եղիշե Նիկալյան, Էդուարդ Ալեքսանյան, Արմեն Բեգլարյան և Մայիս Միրզոյան:

Եղիշե Արտավազդի Նիկալյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան