Անմահ հերոս Լևոն Միրզոյան

Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Լևոն Միրզոյանը ծնվել է 1995 թվականի  դեկտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակերտ քաղաքում։

Սովորել և 2013 թվականին ավարտել էր Մարտակերտի միջնակարգ դպրոցը, որից հետո ընդունվել էր Արցախի պետական համալսարանի Ֆիզիկական դաստիարակություն և նախնական զինվորական պատրաստություն բաժինը:

Փոքր տարիքից Լևոնը սպորտով էր զբաղվել, բազում մեդալներ էր նվաճել։

«Եղբորս բնութագելու համար բառեր չեմ գտնում, շատ հայրենասեր էր, խղճով, նա ամեն ինչից վեհ էր ինձ համար»,- հիշում է Լևոնի քույրը՝ Լյուդմիլան։

2013 թվականին զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության Ասկերանի N զորամասում։ Ծառայության ընթացքում Լևոնը ստացել է սերժանի զինվորական կոչում, նվիրվածության արդյունքում էլ պարգևատրվել՝ «Հայոց բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշաներով:

2015 թվականի ապրիլի 7-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում  մարտական խնդիր կատարելիս հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել Լևոն Միրզոյանը:

Լևոնի հայրը Արցախյան ազատամարտի մասնակից է, տարիներ առաջ հայրենիքի համար մարտնչած մարդու որդին, զոհվեց հայերնիքի սահմանն ամուր պահելիս։

Լևոն Մուշեղի Միրզոյանը հետամահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան