Անմահ հերոս Արտյոմ Քոլանջյան
Արտյոմ Քոլանջյանը ծնվել է 1993 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանում։ Նախնական կրթությունն ստացել է Երևանի թիվ 142 հիմնական դպրոցում։ Մեկ տարի հաճախել է երաժշտական դպրոց՝ դաշնամուրի բաժին, հաճախել է նաև բոքսի, ըմբշամարտի, զբաղվել է նաև սպորտային մարմնամարզությամբ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավաբանության բաժինը։ Օգտվելով տարկետման հնարավորությունից 2011 թվականին Արտյոմը մեկնել է ծառայության։ Վեց ամիս ծառայել է Լուսակերտում այնուհետև ծառայությունը շարունակել է Արցախի Հանրապետությունում՝ Թալիշում (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից)։ Եղել է ավագ սերժանտ, դասակի հրամանատար։ Արտյոմն իրեն փայլուն է դրսևորել ծառայության տարիներին՝ բազմաթիվ շնորհակալական նամակներ և պատվոգրեր ստանալով նաև Ջ. Հարությունյանի կողմից` որպես ավագ սերժանտ, դասակի հրամանատար, հրետանու հաշվարկող:
-Միասին վեց ամիս ծառայել ենք Լուսակերտում, այնուհետև մեկնել ենք Արցախ տարբեր ուղղություններով, բայց մշտապես պահել ենք կապը, համեստ, պարկեշտ անձնավորություն էր Արտյոմը, ինչով կարողանում էր օգնում էր ընկերներին։ Շատ լավ տիրապետում էր իր զենքին, ցանկացած դաս սովորում էր գերազանց։ Միշտ թույլի կողքին էր, չէր սիրում անարդարություն, իր հետ շփվելուց դրական էներգիայով էինք լցվում, շատ լուսավոր, բարի մարդ էր,- պատմում է ծառայակից ընկերներից Ռոբերտը։
Զորացրվելուց հետո զբաղվել է երաժշտությամբ, աշխատել որպես դիջեյ, ունեցել է իր հեղինակային ստեղծագործությունները, իր գործերից մեկը ընդգրկվել է աշխարհի մասշտաբով լավագույն դիջեյների գործերի գրքում, Հայաստանի դիջեյների ասոցիացիայի նախագահը այդ ձայնասկավառակը, որը գրանցվել է լավագույների շարքում, իր զոհվելուց հետո գնել է և մեկ օրինակն էլ նվիրել ընտանիքի անդամներին։
-Արտյոմս դիջեյ էր, մականունը՝ SCIONIS, որ նշանակում է նոր սկիզբ, վերածնունդ։ Իր երաժշտությունը պրոգրեսիվ, տեխնո, ժամանակակից երաժշտությունների խառնուրդ էր, իր ոճն էր։ Հենց մի նոր բան էր գրում, հերթով կանչում էր բոլորին ու ուզում էր հասկանար՝ ով ինչ լսեց։ Ես զգում էի իր երաժշտությունը։ Ինձ միշտ կանչում էր, որ լսեի, կարծիքս ասեի, ես միշտ անկեղծ ասում էի ինչ մտածում էի, ինքն էլ լսում ու հաշվի էր առնում,- պատմում է մայրը՝ տիկին Արփինեն։
2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին Արտյոմը ընտանիքից թաքուն, կամավորագրվել և մեկնել է ռազմաճակատ, այդ ժամանակ մարտեր է մղել Արցախի Հանրապետությունում՝ Կարմիր Շուկայում։
-Քառօրյա պատերազմին Արտյոմը քառասուն օր մնացել է այնտեղ, գալուց հետո շատ նեղված էր, ասում էր ես լիարժեք իմ գործողությունը չունեցա այնտեղ։ 44-օրյա պատերազմի ժամանակ կրկին բոլորիցս թաքուն կամավորագրվել էր, սկզբնական շրջանում իրեն տարել էին Լուսակերտ, հոկտեմբերի 12-ին գնացել էինք իրեն տեսակցության, միայն տաք գուլպաներ էր ուզել, ուրիշ ոչ մի բան, այնուհետև, երբ մեկնելու էին Արցախ, իր անունը չի եղել ցանկի մեջ, իրեն իջեցրել են ավտոբուսից, Արտյոմը գնացել է վերադասների մոտ, գրիչով ավելացրել է իր անունը ցանկում և մեկնել է ռազմաճակատ։ Եղել է Հադրութում, շատ քիչ էինք խոսել իր հետ, որ մեր զանգերով չվնասեինք: Այնտեղից ինքն էր մեզ ոգեշնչում, որ չանհանգստանանք։ Արտյոմն իր զինվորական կոշիկները պահել էր, Քառօրյա պատերազմում ստացած զինվորական համազգեստը ևս, հենց դրանցով էլ մեկնել է պատերազմի դաշտ,- պատմում է մայրը։
Արտյոմ Քոլանջյանը զոհվել է հոկտեմբերի 22-ին անօդաչուի հարվածի հետևանքով։ Արտյոմը մոր և եղբոր հետ միշտ երազել է նոր տան մասին: Մայրիկի խոսքով` մենակ դատարկ հողն է տեսել, նոր տունը չի հասցրել տեսնել։ Պատերազմի օրերին զանգահարել է շինարարին ասել, որ մայրիկին ու եղբորը հանկարծ առանց տան չթողնի։
-Ես իմ մեջ ուժ գտա, իմ տղայի ցանկությունը հասցրի ավարտին։ Ինչպես որոշել, պայմանավորվել էինք, այդպես էլ արել եմ,- ասում է մայրն ու հավելում՝ որդու համար նաև անձնական ստուդիա է կառուցել, որի մասին երազում էր Արտյոմը։
Հերոսի աճյունը հանգչում է Եռաբլուր զինվորական պանթեոնում, իսկ շիրմաքարին գրված է իր խոսքերը, որը Արտյոմը պատերազմի ժամանակ հաճախ էր կրկնում՝ «Տղերք, դուք աշխարհի ամենաուժեղ տղերքն եք… »։
Արտյոմ Քոլանջյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար», ինչպես նաև Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալներով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Մանե Մանուկյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: