Անմահ հերոս Նոդարիկ Մարգարյան

Նոդարիկ Մարգարյանը ծնվել է  1963 թվականի հունվարի 3-ին Լոռու մարզի Գուգարք գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիքում զբաղվել է կարատեով: 1981-1984 թթ. ծառայել է խորհրդային բանակում՝ Լենինգրադում: Ծառայությունն ավարտելուց հետո՝ 1984 թվականին ամուսնացել է Անահիտ Թմոյանի հետ, ունեցել երեք զավակ՝ երկու տղա և մեկ աղջիկ:

Նոդարիկ Մարգարյանը կյանքի 25 տարիները նվիրել է հայրենիքին: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1992-ին կամավոր մեկնել է պատերազմ: Իսկ հրադադարից հետո մնացել է Մատաղիսի (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) N զորամասում որպես պայմանագրային զինծառայող, եղել է ՆԱՎ առբերման դասակի վարորդը:

2004 թվականին մահացել է Նոդարիկի կինը, իսկ երեխաների խնամքը մնացել է ամուսնու վրա:

«Մեզ համար և՛ հայր էր, և՛ մայր, ամեն ինչ էր: Ասում են՝ ժամանակը կբուժի, բայց 9 տարի է անցել ու ոչինչ չի բուժվել, կարծես երեկ լիներ: Ամեն օր նրա կարիքն ավելի շատ եմ զգում, ամեն օր կարոտն ավելի է մեծանում: Հայրս մեզ համար ամուր հենարան էր»,- ասում է Նոդարիկ Մարգարյանի դուստրը՝ Լուսինե Մարգարյանը:

Նոդարիկ Մարգարյանի ավագ որդին և դուստրն ամուսնացած են: Երեք թոռ ունի: Լուսինեի խոսքով՝ հայրը նրանց բոլորին շատ էր սիրում: Հետո հավելում՝ «հայրս հայրենիքն էր ամենաշատը  սիրում»:

Զինվորականը հիմնականում Մատաղիսում է ապրել: Երեխաներն են մշտապես այցելել նրան Արցախում, որի հանդեպ Նոդարիկը մեծ սեր է ունեցել: Աղջկա խոսքով՝ հայրն Արցախի կորուրստը հեշտ չէր տանի:

«Ասում էր՝ նույնիսկ, եթե չաշխատեմ, Արցախը չեմ լքի, որովհետև այստեղի բնությունը ուրիշ է: Հայրս էլ էր ուրիշ: Նրա մի խոսքը, մի խորհուրդը … կամ էն, որ պապան կար, վերջ, այդքանը հերիք էր: Հիմա ճիշտ է՝ յուրաքանչյուրս մեր գործն ունենք, մեր ընտանիքը, բայց մեկ է՝ նրա պակասը շատ է զգացվում: Առիթների ժամանակ ծնողներիս տեղը դատարկ է մնում, ու դա չնկատել չես կարող»,- ասում է Լուսինեն:

Դիրքեր տանող ճանապարհն անգիր է իմացել: Իմացել՝ ամեն քարի, թփի, ծառի գտնվելու տեղը: Կրտսեր որդին՝ Նարեկ Մարգարյանը, ով հիմա ապրում է Գուգարքում՝ հայրական տանը, ասում է՝ Մատաղիսում հոր մոտ շատ է մնացել: Շատ են զրուցել հայրենիքի, բանակի ու զինվորների մասին: Նոդարիկ Մարգարյանը որդուն նաև պատմել է, թե ինչպես է գիշերով, ավտոմեքենայի լույսերն անջատած սնունդ տարել զինվորների համար:

«Պատմում էր՝ ճանապարհը, որտեղ անցնելիս է եղել, թշնամու նշանակետի տակ է եղել: Պատմություններ էր ասում նաև Արցախյան առաջին պատերազմից, թե ինչերի միջով են անցել ու ողջ մնացել: Խորհուրդներ էր տալիս:»,-ասում է Նարեկը:

Պատերազմի ժամանակ Նոդարիկ Մարգարյանը վերջին անգամ Նարեկի հետ է խոսել՝զոհվելու օրը: Վաղ առավոտյան, մոտավորապես ժամը 07:00-ին  տղային է զանգել ու խնդրել, որ մեքենա վերցնի, գնա Արցախ և իր բոլոր իրերը Հայաստան բերի: Հետո այլևս չեն կարողացել կապ հաստատել նրա հետ:

«Դուրս եկա քաղաք, որպեսզի բեռնատար մեքենա գտնեմ ու զանգեմ իրեն: Չկարողացա կապ հաստատել, զանգում էինք ընկերներին, բայց ոչ ոք չէր պատասխանում: Արդեն տագնապ կար, պատկերացնում էինք, որ նրա հետ ինչ-որ բան է պատահել:  ժամը երեքի կողմերը իր ծառայակից ընկերներից մեկը զանգեց, ասեց, որ վիրավորվել է: Բայց արդեն զոհվել էր, պարզապես մեզ միանգամից չասացին»,- հիշում է Նոդարիկի կրտսեր տղան:

53-ամյա Նոդարիկ  Մարգարյանը զոհվել է քառօրյա պատերազմի ժամանակ, 2016 թվականի ապրիլի 2-ին, ականի պայթյունից։ Այդ ժամանակ նա հերթական անգամ սնունդ էր տանում սահման: Մինչև զոհվելը Նոդարիկ Մարգարյանը կարողացել է զորամասից դուրս բերել 25 զինծառայողի:

Նոդարիկ Մարգարյանը հետմահու պարգևատրվել է Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով:

«Հանուն հայ զինվորների» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Լուսինե Փարսադանյան