Անմահ հերոս Գևորգ Համբարձումյան

Գևորգ Մուրադի Համբարձումյանը ծնվել է 1983 թվականի օգոստոսի 28-ին Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից): Ավարտել է Ավետարանոցի միջնակարգ դպրոցը: 2001-2003 թթ. ծառայել է Արցախի Հանրապետության ՊԲ-ում: Ծառայության ժամանակ ստացել է կրտսեր սերժանտի կոչում:

2019 թվականի ապրիլի 21-ին ամուսնացել է: 2020 թվականի հունվարի 7-ին ծնվել է Գևորգի և Նանարի դուստրը՝ Լուսեն:

«Լուսեի ծննդյան կապակցությամբ Գևորգը շատ էր ուրախացել: Աղջիկս 9 ամսական էր, որ Գևորգը զոհվեց: Գևորգի հետ կյանքս լի էր սիրով ու հեքիաթով: Նրա ներկայությամբ մենք ուրիշ էինք»,-ասում է Գևորգի կինը:

Վերջինիս խոսքով Գևորգը մինչև ամուսնանալը զբաղվել է կահույքագործությամբ: Հետո ընտանիքի ծախսերը հոգալու համար սկսել է կատարել այլ աշխատանքներ ևս:

«Գևորգը շատ լավն էր, բարի, ընկերասեր, մարդամոտ, հանգիստ ու կատակասեր: Ամենալավ բաները կարող եմ ասել Գևորգի մասին»,-ասում է Նանարը:

Նաիրի Սարգսյանը Գևորգի հետ ծանոթացել է մարտի դաշտում, նույն ստորաբաժանումում են կռվել:

«Ինքը մարտկոցի կապավոր էր, ես՝ հրանոթի հրամանատարը: Նրա մարտական պարտականությունը՝ մարտկոցի հրամանատարի հետ կապն ապահովելն էր, Գևորգի միջոցով էինք նշանակետեր ստանում: Մեր դիրքերն Ակնայում էին: Ընդհանուր 7 հոգի էինք: Հերթափոխի ժամանակ շատ էինք զրուցում: Մեծ պլաններ ուներ Գևորգը: Ասում էր՝ գյուղի տունը նորոգելու, մեծացնելու նպատակ ունի»,-պատմում է Գևորգի մարտական ընկեր Նաիրին:

Վերջինս հիշում է՝ պատերազմի սկզբում ամեն ինչ լավ էր ընթանում, հետո իմացան, որ Հադրութի կողմից թշնամին գյուղեր գրավելով առաջ է գալիս: Այդ ժամանակ Գևորգը և էլի զինվորներ, որոնք Ավետարանոց գյուղից են եղել,  հրաման են ստացել, որպեսզի տեղափոխվեն իրենց գյուղ և  մասնակցեն  գյուղի պաշտանությանը:

«Երբ արդեն թշնամին գրավել էր նաև Ավետարանոցը, այնտեղ մեկնած զինվորների մի մասը հետ վերադարձան, Գևորգը չկար: Իմացանք, որ նա զոհվել է: Իսկ մեր ստորաբաժանման մեջ Գևորգն ամենաշատն էր ապրել ուզում»,- ասում է Նաիրի Սարգսյանը:

«Երբ Արցախում էիք, ընկերներով հաճախ  այցելում էինք Գևորգի շիրիմին: Հիմա մեծ ցավ եմ ապրում, երբ հեռուստացույցով տեսնում կամ լսում եմ, թե ինչպես են ադրբեջանցիները քանդում մեր եղբայրական գերեզմանատունը»,- ասում է Նաիրի Սարգսյանը:

Գևորգը ռազմաճակատ մեկնել է կամավոր պատերազմի առաջին օրը։ Նրանց ստորաբաժանումը Ակնայի դիրքերում է կռվել: Հոկտեմբերի 25-ին նրան ուղարկել են Ավետարանոց՝ մասնակցելու գյուղի պաշտպանությանը։ Հաջորդ օրը՝  հոկտեմբերի 26-ին զոհվել է՝ կասետային ռումբի պայթյունից ստացած բեկորային վնասվածքից։ Իսկ հոկտեմբերի 27-ին Ադրբեջանական զինուժը գրավել է Ավետարանոցը։

Գևորգը կնոջ հետ վերջին անգամ խոսել է զոհվելու օրը՝ առավոտյան:

«Այդ օրը ես ինձ շատ վատ էի զգում: Աղջկաս քնեցնում էի, հանկարծ գոռոց լսեցի, մտածեցի մայրս է, եղբորս մասին են վատ լուր ստացել, քանի որ նրանից մի քանի օր լուր չունեինք: Սենյակից դուրս եկա տեսա՝ սկեսուրս է: Իմացա, որ Գևորգը էլ չկա»,- հիշում է Նանարը:

Գևորգը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով: Նա հուղարկավորված է Ստեփանակերտի «եղբայրական» գերեզմանատանը:

Նրա կինն ու աղջիկն այժմ ապրում են Արարատի մարզի Ջրաշեն գյուղում: Նանարն աշխատում է խանութում, զուգահեռ սովորում է դերձակի մասնագիտություն:

«Հանուն հայ զինվորների» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Լուսինե Փարսադանյան