Անմահ հերոս Արայիկ Մատինյան

1997 թվականի հուլիսի 24-ին է ծնվել Արայիկ Մատինյանն, ով ծնունդով Լոռու մարզի Շնող գյուղից էր։

Արայիկն, ում ծառայակից ընկերները մշտապես ասում էին Արո, փոքրուց դիպուկ էր կրակում, եղել է «Պատանի երկրապահ»-ի շարքերում, մշտապես ակտիվ մասնակցել կազմակերպվող միջոցառումներին։  Փոքրուց աշխատասեր երեխա է եղել, պատրաստակամությամբ օգնել ընտանիքին։

Արայիկը սովորել է Շնող գյուղի միջնակարգ դպրոցը,  հետո մեկնել Ռուսաստանի Դաշնություն, որտեղ փականագործի մասնագիտություն էր սովորել, ապա հետ վերադարձել՝ ծառայության անցնելու նպատակով։  Արայիկի քրոջ խոսքով նա մեծ սիրով  ու պատրաստակամությամբ է ծառայել։

2016 թվականին անցել էր ծառայության Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտունիի զորամասերից մեկում, դիպուկահար էր։ Ծառայության ընթացքում մի քանի անգամ վերապատրաստվել է՝ մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով։ Ծառայության ընթացքում բազմիցս աչքի է ընկել  իր դիպուկ կրակելով, խրախուսական արձակուրդների արժանացել, պատվոգրեր ու շնորհակալագրեր ստացել։

2017 թվականի հունիսի 16-ին, ժամը 18:05-ի սահմաններում հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ էին ստացել ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

Արայիկ Ռուդիկի Մատինյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով։

Արայիկը ծառայության ընթացքում մի անգամ տղաներից մեկին ասել էր․ «Չվախենաս, որ պատրոնի վրա, որ գրած լինի մեր անունը, կապ չունի պոստերում, թե զորամասում, քնած, թե արթուն կկնի մեզ»։

Ծառայակից երեք ընկերների զոհվելուց հետո, զորամասում հուշաքար էր տեղադրվել ի հիշատակ նահատակված ընկերների։

2018 թվականին Հայաստանի  Առաջին Հանրապետության  100-ամյակին նվիրված «Սարդարապատից Արցախ» համահայկական շարադրության մրցույթին մասնակցել էր Շնող գյուղի աշակերտ  Գուրգեն Մելիքեթյանը, ով իր շարադրության մեջ գրել էր նաև իր համագյուղացու՝ զոհված Արայիկի մասին, մրցույթում  շարադրությունը հաղթել էր։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան