Անմահ հերոս Վիգեն Պետրոսյան

1997 թվականի հունիսի 14-ին  Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում է ծնվել հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհած Վիգեն Պետրոսյանը։ Սովորել և ավարտել է  Սևան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցը,  2012 թվականին ընդունվել Սևանի պետական քոլեջ:

Վիգենը փոքր տարիքից սպորտով է զբաղվել՝ թեկվանդոյով և ըմբշամարտով,  մի շարք մրցաշարերում ուներ զբաղեցրած մրցանակային տեղեր։

2015 թվականին Վիգենն անցել էր պարտադիր զինվորական  ծառայության. Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտունիի զորամասերից մեկում գնդացրորդ էր։

Վիգենի եղբայրը՝ Վահեն հիշում է, որ եղբայրը երբեք ծառայությունից ոչինչ չէր պատմում, հարցերին ի պատասխան ասում էր, որ ամեն ինչ շատ լավ է։

2017 թվականի հունիսի 16-ին, ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ էին ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով։

Վիգենի ծառայակից ընկերներից Նարեկը հիշում է՝ անթերի մարդ էր։

Ծառայակից երեք ընկերների զոհվելուց հետո, զորամասում հուշաքար էր տեղադրվել ի հիշատակ նահատակված ընկերների։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան