Երկու Սպարտակների պայքարը

Պատերազմները չսպիացող վերքեր են, ցավի ու կորստի հետ երբեք ոչ ոք չի համարկերպվում, ինչքան էլ փորձենք ու փորձենք …

Սպարտակ Վարդանյանը զոհվել է դժբախտ պատահարի հետևանքով 1993 թվականին Քարվաճառում (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից)։

Հարազատները հիշում են Սպարտակին, ոչ ոք չկարողացավ հետ պահել ռազմաճակատ գնալուց, նա գիտեր, որ բոլորը պիտի կռվեն հայրենիքի ամեն թիզ հողի համար։

Սպարտակի զոհվելուց անցել են տարիներ, բայց ընկերները, զինակիցները միշտ հիշում են նրան՝ չկարողանալով զսպել արցունքները։

1997 թվականին Սպարտակ Վարդանյանի քույրը` Սեդան, ընկերն ու զինակիցը` Դավիթ Քալաշյանը ամուսնանում են, իսկ որդուն անվանակոչում Սպարտակ։

Կրտսեր Սպարտակի մեջ քեռու ոգին միշտ է եղել, որը պատմում են հարազատները, համեստության հետ միաժամանակ երկու Սպարտակներն էլ հզոր էին՝ իրենց ոգով, ուժով, համառությամբ, իրենց հաղթանակին հասնելու մեծ ձգտումով։

Սպարտակը, ով իր աչքի առաջ ուներ հզոր օրինակներ ի դեմս հոր ու քեռու, միշտ էր պատրաստ հայրենիքի սահմանն ամուր պահել: Բանակ էր զորակոչվել մեծ ոգևորությամբ՝  2015 թվականին Արցախի Մարտունու շրջանի N զորամասերից մեկում։

2016 թվականի ապրիլին, երբ թշնամին բացահայտ հարձակում էր սկսել  Արցախի Հանրապետության  սահմանի ողջ երկայնքով՝ Սպարտակն ու զինակից ընկերներն իրենց բաժին հասած մարտում արժանի հարված են հասցրել թշնամուն, սակայն օրեր անց Սպարտակը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով։

Իսկ այժմ մեծ ու փոքր Սպարտակները ննջում են Վանաձորի պանթեոնում կողք-կողքի:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան