Անմահ հերոս Սպարտակ Քալաշյան
Սպարտակ Սարգսի Քալաշյանը ծնվել է 1997 թվականի ապրիլի 11-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Սպարտակը կրում էր քեռու անունը, ով զոհվել էր 1993 թվականին Արցախյան առաջին պատերազմի ընթացքում Քարվաճառում (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից)։ Սպարտակի հայրը, ով ևս մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, որդուն դաստիրարակել էր, որպես արժանի հայ մարդ, ով պատրաստ էր իր հայերնիքի համար անել ամեն ինչ։
Սպարտակը սովորել և ավարտել է Ստեփան Շահումյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցը։ Սպարտակը փողային գործիքներ էր նվագում, լողի էր հաճախում, բազմաթիվ մրցանակների էր արժանացել մասնակցելով տարբեր մրցաշարերի։ 14 տարեկանից ակտիվ մասնակցություն էր ունեցել Վանաձորի «Պատանի երկրապահ»-ի կողմից կազմակերպված միջոցառումներին, մշտապես եղել կազմակերպչական օղակում։
«Հայրենիքի նկատմամբ մեծ սեր ուներ, նաև շատ էր սիրում զինվորական համազգեստը: Մասնակցում էր բոլոր միջոցառումներին որոնք կազմակերպվում էին Երկրապահի կողմից, ուխտագնացությունների էին գնում դեպի Արցախ: Շատ էր սիրում Արցախը»,- մեզ հետ զրույցում պատմում է մայրը՝ տիկին Սեդան։
Սիրելի զբաղմունք ուներ՝ խոհարարություն, մտադիր էր ծառայությունն ավարտելուց հետո վերապատրաստումներ անցնել ու շարունակել իր զբաղմունքը, արդեն որպես աշխատանք։
2015 թվականին Սպարտակը ծառայության էր անցել Արցախի Հանրապետության Մարտունիի զորամասերից մեկում, որպես հրաձիգ, նռնականետորդի օգնական։
Մայրը հիշում է, որ որդին խոստացել էր ծառայությունն ավարտելուց հետո պատմել թե ինչքան կարևոր մասնակցություն են ուեցել 2016 թվականի Ապրիլյան գործողություններին․
«Սպարտակս շատ քչախոս էր, բայց այնուամենայնիվ հասցրեց մի քիչ պատմել պատերազմից, ասում էր՝ մամ ջան, շատ բան չեմ կարա պատմեմ, դե գիտես արգելված է, կգամ տուն՝ կպատմեմ, բայց ցավոք չհասցրեց: Ապրիլին ակտիվ մասնակցել է մարտական գործողություններին։ Եվ բացարձակ ոչ մի վիրավոր չեն ունեցել, հպարտանում էր իր քաջագործություններով, ասում էր՝ մամ, 200 հատ շակալ ենք խփել ու հպարտանում էր իր զորամասով, ասում էր՝ մամ, տեսա՞ր, տարածաշրջանի ամենաուժեղ ու հզոր զորամասը մերն է»։
Ապրիլյան գործողությունների ժամանակ Սպարտակի հայրը մի քանի անգամ եղել է Արցախում, որտեղ և վերջին անգամ հասցրել էր կարճ ժամանակով հանդիպել որդուն առաջնագծում։
«Ամուսինս նոր համազգեստ էր տվել ու ստիպել, որ փոխի, մի կերպ, բայց փոխել էր, իր հագի համազգեստն էլ բերել էր տուն։ Միշտ երանի եմ տալիս ամուսնուս աչքերին: Այնքան կարոտով էի համբուրում Սպարտակիս հագուստը, լացում էի, երկար հոտ էի քաշում, չէի կարողանում հանգստանալ, կարոտը խեղդում էր»,- պատմում է մայրը։
Սպարտակը զոհվել է 2016 թվականի ապրիլի 21-ին դժբախտ պատահարի արդյունքում։
Սպարտակ Սարգսի Քալաշյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով։
Սապարտակի զոհվելուց հետո հարազատ դպրոցում դասասենյակ է բացվել ի հիշատակ իրենց դպրոցի սանի։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: