Անմահ հերոս Արմեն Հայրապետյան

Արմեն Հայրապետյանը ծնվել է 1980 թվականին Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտունու շրջանի Սոս գյուղում։ Սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, որից հետո 1998 թվականին անցել է պարտադիր զինվորական ծառայության։
1999 թվականին մասնակցել է Համազորային հրամանատարական դասընթացների, ստացել լեյտենանտի զինվորական կոչում ու շարունակել ծառայությունը Արցախում։
Զինվորական ծառայության ընթացքում կապիտան Արմեն Հայրապետյանն արժանացել է բազմաթիվ պարգևների և պատվոգրերի՝ «Ծովակալ Իսակով», «Անբասիր ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանի գերատեսչական, «ՀՀ Զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալներով։
2014 թվականի հուլիսի 29-ին Արցախի ՊԲ մարտական դիրքերից մեկում ականի պայթյունից զոհվել է ՊԲ պայմանագրային զինծառայող Արմեն Յուրիի Հայրապետյանը։
Կապիտանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայություն», Արցախի Հանրապետության «Արիություն» մեդալներով։
Արմենն ամուսնացած էր, ունի երկու երեխա։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: