Անմահ հերոս Սեդրակ Ասրյան

Սեդրակ Ասրյանը ծնվել է 1972 թվականի հուլիսի 31-ին Սիսիանի Դարբաս գյուղում: Սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, որից հետո սովորել է Սիսիանի ավտոդպրոցում:
17 տարեկան է եղել Սեդրակը, երբ սկսվել է Արցախյան առաջին պատերազմը, այդ իսկ պատճառով չի հասցրել լիարժեք ուսում ստանալ։
1989 թվականին Սեդրակը մեկնել էր Արցախ (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) ու այդ վաղ տարքում արդեն իսկ մասնակցություն է ունեցել մարտական գործողություններին։ 1992 թվականին հայոց բանակի առաջին զինվորականներից մեկն է դարձել։ Գոյապայքարի ընթացքում Սեդրակը Արցախում մասնակցել է Մարտակերտի, Մեխակավանի, Կովսականի, Հորադիզի համար մղվող մարտերին, որտեղ էլ վիրավորում էր ստացել ու հաշմանդամություն ձեռք բերել։
Արցախյան պատերազմում ունեցած ավանդի համար պարգևատրվել է «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով:
2016 թվականի ապրիլին Արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից իրականացված պատերազմական գործողություններին մասնակցելու նպատակով Սեդրակը կամավորագրվել էր ու Սիսիանի ԵԿՄ կամավորականների ջոկատի կազմում մեկնել Արցախ՝ կանգնելու բանակի կողքին, որպես Արցախյան առաջին պատերազմին փորձ ունեցող մարդ։
Ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանում Սիսիանի կամավորական ջոկատի ավտոբուսը ենթարկվել է ռմբակոծության։ Սիսիանի կամավորականների ջոկատի զոհված բոլոր անդամները մասնակցել էին Արցախյան առաջին պատերազմին՝ Սեդրակ Ասրյան, Սերգեյ Դանղյան, Արմեն Հովհաննիսյան, Դավիթ Սարգսյան, Կարո Համբարձումյան, Եղիշե Նիկալյան, Էդուարդ Ալեքսանյան, Արմեն Բեգլարյան և Մայիս Միրզոյան:
Սեդրակ Սերգեյի Ասրյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Հայրենիքի մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: