Անմահ հերոս Սոս Փորքաշյան

Սոս Արարատի Փորքաշյանը ծնվել է 2001 թվականի փետրվարի 3-ին՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։  Նախնական կրթությունը ստացել է Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո՝ հայրիկի  հետ  կատարել է շինարարական  աշխատանքներ։ Մանուկ հասակում  մի քանի  տարի սիրողական հաճախել է բոքսի։

«Ես չորս  բալիկ ունեմ, ինքը ամենաճարպիկն էր, տարբերվող բնավորության գծեր  ուներ։ Նա  և՛ չարաճճի էր, և՛  գիտեր իրեն  որտեղ ինչպես է դրսևորելու։ Մեծ տղաս ծառայում էր Արցախի Հանրապետությունում (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից)։ Երբ լրացավ Սոսի տասնութ տարին, հնարավորություն կար, որպեսզի ծառայեր եղբոր մոտ,  բայց նա հրաժարվեց։ Երկար ժամանակ իրեն ծանուցագիր չէր գալիս, որպեսզի  մեկներ ծառայության, բայց նա ինքնակամ գնաց զինկոմ, որ իրեն տանեն և  2019 թվականի հուլիսի  24-ին զորակոչվեց բանակ։ Մենք էկրաններով հետևում էինք իրենց, Սոսս նույնպես ծառայության անցավ Արցախի Հանրապետությունում` Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի զորամասերից մեկում և ես շատ էի հուզվել, որ երկու եղբայրներից որևէ մեկը Հայաստանի տարածքում չէր, իսկ Սոսը ծիծաղելով եկավ մեզ մոտ ու ասաց՝ «Մա՛մ ջան, մի՛ հուզվիր, կարևորը երեսունութ համարի զինվորական ոտնաման եմ ճարել»։  Ինքը փոքր համար էր հագնում և իրեն կոշիկ դժվարությամբ էր գտնում»,- պատմում է մայրը`Աննան։

Ծառայության ընթացքում ծնողները զինվորական երդման ժամանակ են գնացել որդուն տեսակցության։ Սակայն այդ ժամանակ Սոսի ոտքերը եղել են խիստ այտուցված, չի կարողացել կրել զինվորական ոտնամաններ, ինչի հետևանքով՝ մեկ ամիս հետո իրեն տեղափոխել են Հայաստանի զինվորական հոսպիտալներից մեկը։ Շուրջ վեց ամիս բուժվելուց հետո, դեռ լիովին չապաքինված,  ինքնակամ մեկնել է Արցախ՝ շարունակելու ծառայությունը։

«Սոսը՝ որպես ընկեր, ոսկի տղա էր, մեր ամբողջ մանկությունն անցել է իրար հետ։ Մեծացել  ենք նույն  բակում։ Նա նպատակասլաց էր,  ցանկացած հարցի վերաբերվում էր ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ։ Շատ քչերն էին, որ կարողանում էին իր տարիքում  այդքան բան գիտակցել, ընկալել։ Եթե մտքին մի բան դնում էր՝ անպայման հասնում էր, ինչ գնով էլ, որ լիներ։ Հարգալից էր ծնողների հանդեպ, ընկերասեր էր չափից ավելի»,-պատմում է մանկության ընկերներից Ալեքսը։

Սոսը ոչ մի անգամ չի դժգոհել դիրքային ծառայությունից, ծառայել է սիրով և ամենայն պատասախանատվությամբ։ Այդպես էլ չի հասցրել ունենալ զինվորական արձակուրդ, քանի որ իր ծառայության ընթացքում համաճարակ  էր բռնկվել և իրենց  չեն թույլատրել տուն գնալ։

«Սոսի հետ ծառայելու առաջին իսկ վայրկյանից նկատելի էր, որ հայրենիքին նվիրված երիտասարդ էր՝ մարտական տրամադրվածությամբ։ Պատերազմական գործողությունների ժամանակ ինքնակամ ընդգրկվում էր այն թեժ կետերում, որտեղ որ լինում էր ջոկը։ Առանց մի րոպե մտածելու նետվում էր առաջ՝ մասնակցելով դիրքերի հետգրավվման բոլոր գործընթացներին։ Մշտապես  կատակելով ասում էր, թե թուրքն  ու՞մ շունն է, որ կարողանա դուրս գալ հայի  դիմաց։ Սոսի մասին խոսելիս՝ չեմ կարող չնշել, որ կոկիկությունն ու մաքրասիրությունը հենց իր մասին են ասված, նույնիսկ պատերազմի օրերին, երբ բոլորս փոշոտված էինք, ցեխոտ կոշիկներով, կատակում էինք ու ասում` «Սո՛ս, դու օդով էս քայլում, որ չես կեղտոտվում»։ Նա ուներ առողջական խնդիրներ և հնարավորություն ուներ ծառայելու որոշակի սահմանափակումներով, սակայն իր  համառության  շնորհիվ ընտրել էր դիրքային ծառայությունը։ Կռվի օրերին նույնպես այտուցի պատճառով քայլելու խնդիր ուներ, կաղում էր, բայց դա չխանգարեց Սոսին. նա փրկեց շատ ու շատ տղաների կյանքեր՝ դուրս բերելով վիրավոր ընկերներին մարտի դաշտից»- պատմում է ծառայակից ընկերներից Տիգրանը։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ սկսվել է  Արցախյան 44-օրյա պատերազմը՝ ծնողները մեծ դժվարությամբ կապվել են Սոսի հետ, սակայն տղան հանգստացրել է ծնողներին, ասելով, որ իր հետ ամեն ինչ կարգին է և անհանգստանալու որևէ կարիք չկա։ Պատերազմական գործողությունների ժամանակ նույնպես եղել է Մատաղիսում, հետագայում տեղեկացել են, որ հոկտեմբերի 2-ից հետո` Մատաղիսի որոշ հատված  արդեն եղել է թշնամու վերահսկողության տակ։

«Վերջին անգամ խոսել է հայրիկի հետ։ Այդ օրերին երբ հրապարակվում էին զոհված տղաների անունները, ամուսնուս ընկերոջ տղան կարդացել էր նաև Սոսի անունը, մենք խուճապի էինք մատնվել, չգիտեինք ինչ անել։ Որոշ ժամանակ անց հնարավոր եղավ կապվել, կրկին խոսել էր հայրիկի հետ, այս անգամ շատ անտրամադիր էր խոսել և ասել էր՝ «Եթե հանկարծ չգամ դուխներդ  տեղը կպահե՛ք, չ՛տխրեք»»,-  պատմում է մայրը։

Սոս Փորքաշյանը` որպես դիրքի ավագ, կռվել է Մատաղիսի  ամենաթեժ  կետերում, հինգ ընկերների հետ միասին վիրավորում ստանալով հոկտեմբերի 9-ին` հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից։ Նա անմահացել է նույն օրը` հիվանդանոցի  ճանապարհին։ Սոսի աճյունը գտել և հուղարկավորել են մոտ երկու ամիս անց` Աբովյանի պանթեոնում։

Սոս Արարատի Փորքաշյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական  ծառայության»   մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Մանուկյան