Անմահ Հերոս Հարութ Ավետիսյան

Հարութ Աշոտի Ավետիսյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 7-ին՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի՝ Արտակ Օհանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Գավառի պետական համալսարանի «Ավտմեքենայի մեխանիկ» բաժնում։ Ունեցել է մեծ հետաքրքրություն ֆուտբոլի հանդեպ, մասնակցել է բազում մրցաշարերի։

2019 թվականի հունվարի 17-ին անցել է զինվորական պարտադիր ժամկետային ծառայության։ Սկզբնական շրջանում ծառայել է Էջմիածնի զորամասերից մեկում, որտեղ ձեռք է բերել սակրավորի մասնագիտություն, այնուհետև՝ ծառայությունը շարունակել է Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Ջրականի զորամասերից մեկում:

«Արցախյան 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում խոսել ենք, Հարութը, ով երբեք ինձ չէր ստել, այդ օրերին ստեց` ասելով, որ ամեն ինչ նորմալ է, իրենք ապահով տեղում ենք։ Մոտն ունեցել է խաչեր, որոնք բաժանել է ընկերներին, քաջալերելու նպատակով, ասելով` «Աստված միշտ մեզ հետ է»։ Միշտ ժպիտը դեմքին է եղել, երբեք չի հուսահատվել ու իր անսահման մեծ էներգիան է փոխանցել նաև ընկերներին»,-պատմում է մայրը`Արմիկը։

Հարութը միշտ տրամադրված է եղել դրական, երբ մարտական ընկերներից որևէ մեկն ընկճվածություն է ունեցել, անմիջապես աջակցել է՝ տրամադրելով միայն լավին։

«Հոկտեմբերի 4-ին Ջրականում էինք, խանութները բաց էին ու ամեն մեկն ինչ-որ բան վերցնում էր։ Ես և Հարութը միասին էինք ու Հարութը խանութից շամպայն վերցրեց, մինչև իր զոհվելու օրը` հոկտեմբերի 10-ը, այդ շամպայնը պահում էր իր պայուսակում, որպեսզի հենց կռիվը ավարտվի, բացենք ու նշենք։ Իր զոհվելուց մեկ օր առաջ խոսքի մեջ ասաց` «Մեզ մեռնել չկա», երևի զգում էր, որ պիտի հավերժանա և իրականում ճիշտ էր՝ ինքը միայն ֆիզիկապես է բացակայում»։ Մենք ամբողջ կռվի ընթացքում եղել ենք միասին, նույն օրը,  նույն տեղում ես վիրավորում եմ ստացել, Հարութը զոհվել է»,- պատմում է մարտական ընկերը` Հրաչ Մալխասյանը։

Հարութն անսահման բարի էր, համբերատար, հանգիստ։ Լինելով ավելի հին ծառայող՝ նորեկներին օգնում էր, երբ որևէ բան չէին հասկանում, ամեն ինչ բացատրում էր մեծ սիրով ու համբերատարությամբ։ Նույն տրամաբանությամբ է շարժվել նաև կռվի դաշտում։

«Գնացել էինք Ջրական ու հրամանատարական կետում էինք։ Մենք զբաղվելու էինք ականապատումով և հրամանի էինք սպասում, որպեսզի սկսեինք աշխատանքները։ Յուրաքանչյուր վիրավորի հենց այնտեղ էին բերում, որպեսզի տեղափոխեին զինվորական հիվանդանոց։ Վիճակն այնքան ծայրահեղ էր, որ վիրավորներին անգամ տանկերով էին տեղափոխում։ Այդ ժամանակ տարածքում անդադար ռմբակոծություն էր, բայց Հարութը՝ անկախ ամեն ինչից, հենց տեսնում էր, որ վիրավոր են բերում, միանգամից վազում էր օգնության»,-պատմում է Հարութի մարտական ընկերը` Ստյոպա Հարությունյանը ու շարունակում. «Զոհվելուց օրեր առաջ՝ մեր վաշտը Հադրութի դպրոցում էր տեղակայված, մասնավորապես՝ գրադարանում էինք։ Նախորդ օրը մենք առանձին նստեցինք, երկար խոսեցինք ամեն ինչից, նույնիսկ՝ մեր քաղաքացիական կյանքից։ Առհասարակ վերջին օրերին նախընտրում էր մենակ մնալ, դպրոցի գրադարանից տետր ու գրիչ էր վերցրել, շատ էր սիրում ստեղծագործել։ Այդ տետրի մեջ ինչ-որ բանաստեղծություններ էր գրում, տետրը մնաց իր պայուսակում ու թե որտեղ մնաց պայուսակը՝ տեղեկություն չունեմ»։

Հարութը զոհվել է հոկտեմբերի 10-ին, Հադրութում` հակառակորդի դիպուկահարի կրակոցից։

Հուղարկավորված է Վարդենիկում` ընտանեկան գերեզմանատանը։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Անի Խաչատրյան