Անմահ հերոս Ալբերտ Հովհաննիսյան

Ալբերտ Արարատի Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Նոր Հաճն քաղաքում։ Նախնական կրթություն ստացել է Նոր Հաճնի Մեծն Մուրադի անվան թիվ 4 հիմնական դպրոցում,այնուհետև՝ Նոր Հաճնի թիվ 2 ավագ դպրոցում։
Դպրոցին զուգահեռ՝ հաճախել է Նոր Հաճնի գեղարվեստի դպրոցի նկարչության բաժինը։ Հաճախել է նաև ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և մասնակցել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի՝ դեռահասների անգլերեն ուսուցման ”EEC” ծրագրին։
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ` անվճար ուսուցման համակարգ։
Ալբերտ Հովհաննիսյանը բանակ զորակոչվել է 2020 թվականի հունվարի 17-ին` ծառայության անցնելով Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում։ Նա վեց ամիս ծառայել է ուսումնական գումարտակում, հետո տեղափոխվել է ականանետային մարտկոց՝ որպես հաշվարկող։
Արցախյան 44-օրյա պատերազմի սկզբում եղել է Մարտակերտում, այնուհետև՝ տեղափոխվել է Մարտունու շրջան։ Զոհվել է հոկտեմբերի 26-ին՝ Մարտունու Ճարտար քաղաքում։
Պատերազմի ընթացքում ռազմական լրագրող Դավիթ Թորոսյանը լուսանկարահանել է Ալբերտին և մյուս ծառայակից ընկերներին։ Այդ օրերին ընտանիքի անդամները համացանցով տեսել են Ալբերտի լուսանկարը, հետագայում երբ խոսել են որդու հետ ասել է, որ իրեն նկարել են, բայց էլի նկարներ կան։ Մնացած նկարները ընտանիքի անդամները տեսել են պատերազմից մոտ 2 տարի անց Դավիթ Թորոսյանի հեղինակային «44-ի տղերքը» գրքի էջերում։
Ալբերտ Հովհաննիսյանի աճյունը հանգչում է Նոր Հաճնի պանթեոնում։
Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Մանե Մանուկյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: