Անմահ հերոս Կորյուն Սերգոյան

Կորյուն Մնացականի Սերգոյանը ծնվել է 1979 թվականի հունվարի 16-ին՝ Լոռու մարզի Թումանյան քաղաքում, մանկավարժի և ոստիկանի ընտանիքում: Սովորել է Թումանյանի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ:

Սերգոյանը իր կյանքի քսաներեք տարիները  հայրենիքին է նվիրել, որովհետև չափազանց շատ է սիրել այն։ 1998-2002 թվականներին սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ապա՝ ծառայել է Գորիսի, Ճամբարակի և Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակերտի շրջանի զորամասերում:

2003 թվականին ամուսնացել է Թագուհի Սերգոյանի հետ: Ունեն երեք որդի:

2010 թվականին Կորյունը կնոջ ու որդիների հետ տեղափոխվել է Արցախ: Տասը տարի ծառայել է Ստեփանակերտի զորամասերից մեկում, որտեղ ստացել է փոխգնդապետի կոչում և դարձել գումարտակի հրամանատար:

«Եթե ես այս ակնթարթին ընդունեմ, որ նա չկա, հաջորդ ակնթարթին արդեն ես չեմ լինի։ Ինքը միշտ կենդանի է ինձ համար, միշտ ողջ է»,-ասում է Կորյունի մայրը՝ Մելանյա Մաթևոսյանը։

Հարազատների խոսքով՝ Կորյունը թե՛ որպես զինվորական, թե՛ որպես որդի օրինակելի է եղել: Շատ բարի էր, նվիրվող: Շատ էր սիրում ընթերցել: Գիրքը նրա համար կարծես օդ ու ջուր լիներ: Անընդհատ գրքի մեջ էր, հատկապես սիրում էր գեղարվեստական գրքեր: Շատ էր կարդում հայկական պատմավեպեր: Մայրն ասում է, որ նա հայրենիքին վերաբերող ամեն ինչն էր սիրում:

«Նժդեհին էր շատ սիրում, մշտապես Նժդեհ էր ընթերցում: Նրա գերեզմանաքարի վրա էլ Նժդեհի խոսքերն են՝ «Ապրիր նրա համար՝ ինչի համար արժե մեռնել»»,-ասում է զինվորականի մայրը:

Քայլող բանաստեղծություն. Կորյունին ընտանիքում այսպես են անվանել, որովհետև դեռ դպրոցական տարիքից՝ ստեղծագործելիս է եղել: Մայրն ասում է՝ որդին ստեղծագործ միտք ու զարգացած խոսք ուներ:

«Ես էլ եմ դասավանդել Կորյունին ու երբ դպրոցում շարադրություն էի հանձնարարում աշակերտներին, զարմանում էի նրա գրածը տեսնելով: Նա այնպիսի նախադասություններ էր գրում, որ արժանի էին իսկական գրողի»,-ասում  է Մելանյան:

Կորյուն Սերգոյանը ի սկզբանե որոշած է եղել, որ պետք է ոստիկան դառնա՝ հոր գործը շարունակողը: Հետո՝ հանգամանքների բերումով, որոշումը փոխել ու զինվորական է դարձել:

Այս մտքի հետ հարազատներն այնքան էլ համաձայն չեն եղել, բայց Կորյունի որոշումներն անբեկանելի են եղել:

Ասում են, որ Կորյունը՝ որպես զինվորական, շատ խիստ է եղել, բայց զինվորները սիրել ու հարգել են նրան: Կորյուն Սերգոյանը Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին րոպեներից մասնակցել է մարտերին:

«Նրա հետ վերջին անգամ խոսել ենք սեպտեմբերի 28-ին՝ զոհվելուց երկու օր առաջ: Ասաց՝ «Այ մա՛մ, դու քո որդուն չգիտե՞ս, ինձ ոչինչ չի պատահի, համբերե՛ք, անպայման կգամ», բայց պատահե՜ց»,-ասում է մայրը։

Համբերատար, զուսպ, պարզ. Կորյուն Սերգոյանի կինն այսպես է ամուսնուն նկարագրում: Ասում է, որ Կորյունը չափազանց շատ է սիրել իր ընտանքը:

«Երեխաների հետ նկուղ էինք մտնում, ասաց՝ «Ես գնացի»: Դա վերջին անգամն էր, որ տեսանք նրան»,-ասում է Թագուհին:

Կորյուն Սերգոյանի զոհվելուց հետո՝ հարազատները զինվորականի ստեղծագործությունները մեկտեղել ու գիրք են հրատարակել: «Վեր կաց» գրքի մեջ նրա ապրումներն են, մտորումները։ Բանաստեղծություներ, որ պատմում են ապրելու, արարելու, սիրո, հայրենիքի, ազգի ու բանակի մասին։

Կորյուն Սերգոյանը զոհվել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի դիրքերում, սեպտեմբերի 30-ին՝ թշնամու արձակած անօդաչու թռչող սարքի հարվածից։

Ծառայության ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան» և «Ծովալալ Հ.Ս. Իսակով» մեդալներով:

Հետմահու Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալներով։

«Հանուն հայ զինվորների» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Լուսինե Փարսադանյան