Անմահ հերոս Մյասնիկ Մյասնիկյան

Մյասնիկ Պարգևի Մյասնիկյանը ծնվել է 1990 թվականի մայիսի 21-ին՝ Արարատի մարզի Բաղրամյան գյուղում։ Ունի երկու քույր։ Մեծ քույրը՝ Անի Մյասնիկյանը, պատմում է, որ եղբայրը շատ բարի էր և ընտանիքի անդամների նկատմամբ առանձնակի ուշադրություն ուներ.
«Դեռ փոքրուց Մյասնիկը եղել է շատ բարի, երբ դրսում քաղցրավենիք էին հյուրասիրում, պարտադիր տուն էր բերում։ Իրեն բոլորը սիրում էին»,- պատմում է Անին և նշում, որ եղբայրը հաճախ էր քույրերին զանգում, այցելում՝ իմանալու նրանց որպիսությունը։ Տղան նեղանում էր, երբ մի օր չէին խոսում, բայց խոսելիս՝ մոռանում էր ամեն ինչ ու շարունակում նույն ջերմությամբ։
Դպրոցն ավարտելուց հետո՝ Մյասնիկ Մյասնիկյանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է անցել Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) հյուսիասային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում։
Ընտանիքի անդամները պատմում են, որ մի շարք պատվոգրեր է ստացել՝ բարեխիղճ ծառայության համար։
Զորացրումից հետո՝ Մյասնիկը ծառայության է անցել ՀՀ ոստիկանության ներքին զորքերում, իսկ արդեն 2015 թվականից՝ Պաշտպանության նախարարության Խաղաղապահ զորքերում էր։
Մյասնիկը ամուսնացած էր, ունի երկու տղա՝ ութ տարեկան Պարգևը և հինգ տարեկան Հայկը։
«Հոգատար հայր էր, ուշադիր, սիրող ու հավատարիմ ամուսին, հիանալի եղբայր, նվիրված որդի,ամեն հարցում ընկերներին հասնող ու աջակից»,-պատմում է կինը՝ Անի Մարտիրոսյանը, նշելով, որ Մյասնիկի բոլոր ծանոթներն են խոսում վերջինիս բնավորության առանձնահատուկ գծերի մասին։
Մյասնիկյանը մասնակցել է 2016 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմին։ Եղել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։
Ծառայակից ընկերը՝ Մանվել Հովհաննիսյանը, պատմում է, որ Մյասնիկը շատ բարի էր, դաստիարակված, երբ զգում էր, որ ինչ-որ մեկը վատ տրամադրություն ունի, փորձում էր ամեն կերպ բարձրացնել տրամադրությունը, դրական միջավայր ստեղծել։
2018 թվականին Մյասնիկը մեկնել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն՝ խաղաղապահ առաքելության ու Հյուսիս-ատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ)-ի կողմից պարգևատրվել է պատվոգրով և շքանշանով։
2019 թվականին վերադառնալով Հայաստան՝ շարունակել է ծառայությունը Խաղաղապահ զորքերում։
«Երբ պետք է ծնվեր Հայկը՝ մեր փոքր տղան, ինքը Աֆղանստանում էր ու երբ Հայկը դարձավ հինգ ամսական՝ վերադարձավ տուն։ Չեմ կարող վերհիշել նրանց հանդիպումը»,- պատմում է կինը, հավելելով, որ տղաները անդադար խոսում են հոր մասին, հիշում նրան, երազում նրան գրկելու, համբուրելու մասին։
Մյասնիկի ընկերը՝ Դավիթ Մարգարյանը պատմում է, որ իրար գիտեին դեռ մանկուց, բայց ավելի լավ ճանաչել՝ հասցրել են ծառայության ընթացքում. «Շատ բարի էր, ընկերասեր ու հայրենասեր, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։ Բոլոր զինակից ընկերների հարգանքն ու սերն էր վայելում»,- պատմում է նա։
Մյասնիկը մասնակցել է 2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմին։
Սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ զորամասից զանգ է ստացել, կինը պատմում է, որ միանգամից հավաքել է անհրաժեշտ իրերն ու հրաժեշտ տվել հարազատներին՝ խոստանալով անպայման վերաառնալ։
«Բոլորս փորձեցինք հետ պահել, խնդրեցինք, որ չգնա, որովհետև արդեն տեղեկացել էինք, որ սկսվում է լայնամասշտաբ պատերազմ, սակայն լինելով անչափ հայրենասեր, վեր դասելով բոլորիս կյանքը իր կյանքից՝ ասաց. «Գնում եմ, մա՛մ ջան, գնում եմ որ տղաներս խաղաղ երկրում մեծանան»։
Մյասնիկն ինքն էլ է գիտակցել պատերազմի ծավալները ու ընկերներից Մանվելն առանձնացնում է, որ Մյասնիկը պատերազմի ընթացքում իրեն գիտակից է դրսևորել ու իր ինքնությունը չի կորցրել՝ ընկնող ռումբերից առաջացած վտանգով պայմանավորված։ Նրանք եղել են Արցախւ Հանրապետության Քարվաճառի շրջանում։
Մյասնիկը անգամ ամենալարված օրերին՝ ժամանակ էր գտնում ընտանիքի անդամներին զանգելու և նրանց որպիսությունն իմանալու համար։ Կինը պատմում է, որ պատերազմի արհավիրքների մասին իմանում էին Մյասնիկի հայացքից միայն, իսկ շուրթերը հուսադրում էին. «Ա՛ն ջան, իմ մասին մի մտածեք, ես լավ եմ, այստեղ ամեն ինչ լավ է, ես իմ ընկերների ու ախպերների հետ եմ, մենք ուժեղ ենք միասին ու հաղթանակած հետ ենք վերադարնալու»,-ասում էր նա կնոջը, իսկ տղաների հետ խոսելիս՝ կնոջ խոսքով, հուզմունքն արդեն զսպել չէր կարողանում ու ասում էր. «Անս, քեզ լավ կնայես, տղերքիս լավ կնայես ու միշտ հիշի՛ր, որ ձեզ շատ եմ սիրում ու շատ եմ կարոտել»։
Մյասնիկի հետ վերջին անգամ հարազատները խոսել են հոկտեմբերի 1-ի առավոտյան։ Այդ օրերին՝ Մյասնիկն ու իր ստորաբաժանումը ծանր մարտերի մեջ էին, ընկերներից Դավիթ Մարգարյանը պատմում է, որ հոկտեմբերի մեկը լարված օր էր, ռմբակոծում էին։ Մյասնիկն օգնում էր վիրավորներին՝ հաշվի չառնելով շարունակվող ռմբակոծության վտանգները։
«Ռմբակոծում էին, ես աչքերս փակել էի մի քիչ, իսկ Մյասնիկն արթուն էր, աչքերս բացեցի, տեսա իրեն մարմնով գցել ա վրաս ու հարցնում ա՝ լա՞վ ես, ամեն բան լա՞վ ա քեզ հետ»,- պատմում է Դավիթը։
Հոկտեմբերի 2-ին՝ հերթական ռմբակոծության զոհ է դառնում նաև Մյասնիկ Մյասնիկյանը։ Նա անձնվիրաբար ծառայության համար՝ Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, իսկ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից՝ «Մարտական ծառայության» մեդալով։
«Հանուն հայ զինվորների» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Սիմոն Հովհաննիսյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: