Անմահ հերոս Աշոտ Գևորգյան

Աշոտ Գառնիկի Գևորգյանը ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 31-ին Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Ստեփանակերտ քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Ստեփանակերտի Անդրեյ Սախարովի անվան համար 8 միջնակարգ դպրոցում։ Մանուկ հասակում ունեցել է բազմաթիվ հետաքրքրություններ, հաճախել է շախմատի և փայտամշակման։
2016-2018 թվականներին անցել է ժամկետային զինծառայության սկզբում Լուսակերտի ուսումնական զորամասում, հետո՝ Արցախի Մատաղիսի շրջանում որպես կրտսեր սերժանտ։ Ծառայության ընթացքում Աշոտը ցուցաբերելով կանոնադրական կարգուկանոն պարգևատրվել է պատվոգրերով։ 2018 թվականին զորացրվելուց հետո ընդունվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Գյուղատնտեսություն» բաժինը։
2020 թվականի հունվար ամսից Աշոտ Գևորգյանը ծառայության է անցել «ՏՕՌ» զենիթային հրթիռային դիվիզիոնում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ակտիվ մասնակցություն է ունեցել հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմին, որի ընթացքում ակտիվորեն կանխարգելել է հակառակորդի օդային հարվածները։ Մասնակցել է մարտական գործողություններին Ակնայի (Աղդամի) և Մարտակերտի ուղղություններում` զբաղեցնելով` «ՏՕՌ» մարտական մեքենայի ջոկի հրամանատարի պաշտոնը։
– Աշոտը ամանորին էր ծնվել, մենք միշտ ասում էինք, որ Աշոտը մեր ամանորյա նվերն է, բայց ավա՜ղ նրա կյանքը շատ կարճ տևեց։ Պատերազմի օրը տանը չէր գիշերել, առավոտյան հենց պատերազմը սկսվեց եկավ տուն ու առաջին խոսքն այն էր, որ գնալու է պատերազմ ու զոհվի։ Ամեն ինչ արեցի, որ չգնա, քանի որ հայրն ու եղբայրը ևս գնալու էին, սակայն չկարողացա պահել։ Պատերազմի ընթացքում երկու անգամ ենք խոսել, վերջին զրույցին ասաց, որ լավ մնանք, ինքը զոհվելու է։ Երբ որդիս մահացել էր ինձ չէին ուզում ասել, ես երազ տեսա, ինքնազգացողությունս վատացավ ու սեպտեմբերի 30-ին իմացա որդուս մահվան լուրը, – պատմում է մայրը` տիկին Լիանան։
Աշոտը խելացի էր, համեստ, բարի, օժտված բազում դրական հատկանիշներով։ Ուներ շատ նպատակներ ու երազանքներ, պատրաստվում էր ամուսնանալ, գիտեր, որ հայր պիտի դառնար, աղջիկ էր ունենալու։ Նրա մահից հետո ծնվեց աղջիկը, ում անվանակոչեցին Աշոտի մոր` Լիանայի անունով։
– Աշոտը շատ վստահելի էր, ընկերասեր։ Երբ որևէ մեկն իր օգնության կարիքն էր ունենում, Աշոտն օգնում էր անխտիր ու անմնացորդ։ Նույն տրամաբանությամբ անսահման նվիրված էր հայրենիքին, պատերազմի սկսվելու օրը տուն եկավ` շենքի մուտք շորերը հանելով էր մտնում, որպեսզի շատ արագ հասցնի հագնել զինվորական համազգեստը ու մեկնի կռվի դաշտ։ Կայծակնային արագությամբ հագուստը փոխեց ու գնաց,- պատմում է Աշոտի ավագ եղբայրը` Արսեն Գևորգյանն ու շարունակում,- ես ևս մասնակցում էի պատերազմին, որպես պայմանագրային զինծառայող: Աշոտի հետ խոսելու հնարավորություն չունեի, կապի բավականին վատ լինելու պատճառով։ Խոսել ենք ընդամենը մեկ անգամ, երեխայի էին սպասում, ինձ ասաց, եթե հետս որևէ բան պատահի, աղջկաս լավ կնայես։ Զոհվելու մասին լուրը ես ավելի ուշ եմ իմացել, 4 օր Աշոտին պահել են, մինչև կարողացել եմ գալ ու հրաժեշտ տալ։
Աշոտը զոհվել է սեպտեմբերի 29-ին Վարանգաթաղ (Լյուլասազ) գյուղի մոտակայքում գտնվող մարտական դիրքում` հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից։
Հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» և Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայության» մեդալներով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Անի Խաչատրյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: