Անմահ հերոս Արա Մանուկյան

Արա Մանուկյանը ծնվել է 2000 թվականի հուլիսի 18-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղում: Սովորել է Արշալույսի Սամվել Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում: Ապա ընդունվել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ: Մինչև այդ զբաղվել է ըմբշամարտով, մասնակցել բազմաթիվ մրցումների և արժանացել մեդալների ու պատվոգրերի։ 2019 թվականին զորակոչվել է բանակ՝ ծառայության անցնելով Նոյեմբերյանի զորամասերից մեկում: Արան եղել է ավագ հետախույզ-գնդացրորդ:

«Երկու ամսվա ծառայող էր, պարգևատրվեց ՀՀ զինված ուժերի «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով՝ լավ կրակելու, զինվորական կարգապահություն ցուցաբերելու համար»,- ասում է Արայի հայրը՝ Նորիկ Մանուկյանը:

Արան մասնակցել է 2020 թվականի հուլիսին Տավուշի մարզում տեղի ունեցած մարտերին, որից հետո պարգևատրվել է նաև ՀՀ զինված ուժերի «Քաջարի մարտիկ» կրծքանշանով:

«Իրենց վաշտով լավ հակահարված են տվել, լավ ջարդել են թուրքերին: Հետո վաշտով դիրք են գրավել, և եթե չեմ սխալվում այդ դիրքը մինչև հիմա կա, մեր տիրապետության տակ է»,- ասում է հայրը:

2020 թվականին պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 18-ին, Արան տեղափոխվել է Արցախ: Մասնակցել է Իշխանաձոր, Սարատակ և Սանասար գյուղերում ծավալված մարտերին: Հոր փոխանցմամբ՝ որդին իրենց չի ասել, որ պատերազմ է մեկնում: Նա որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 20-ին՝ զոհվելու օրը: Այդ օրն Արան զանգել է բոլոր հարազատներին ու ընկերներին:

«Զրույցի ժամանակ բոլոր ընկերներից հարցուփորձ արեց: Տղաների անուններ էր տալիս, որ գիտեինք, որ զոհվել են, բայց նրան չէինք ասում: Գունդը, որտեղ կռվել է Արան, էլ հետ չի նահանջել, բոլորը զոհվել են»,- ասում է պարոն Նորիկ:

Վերջինս հիշում է, թե որդին ինչ առանձնահատուկ ձևով էր սիրում մորը, ասում էր՝ դու իմ գեղեցկուհին ես: Իսկ մայրը՝ Գայանե Մանուկյանը, որդու մասն խոսելիս, թաքցնել հուզմունքը չի կարողանում.

«Անթերի, չափազանց բարի ու մարդասեր էր որդիս: Բանակում թույլ չէր տալիս, որ թույլ տղաներին նեղացնեն: Մեծերին հարգում էր, փոքրերին սիրում… յուրահատուկ էր: Դպրոցում թերանում էր: Հենց ասում էի ծույլիկ ես, ասում էր՝ մամա, կարևորը լավ մարդ եմ: Ինչ կապ ունի լավ կսովորեմ, թե ոչ»,-պատմում է մայրը:

Չափազանց ընկերասեր է եղել Արան: Նրա ընկերները հաճախ են այցելում իր ծնողներին ու ընկերոջ շիրիմին:

«Մի տեսակ շտապում էր: Ուզում էր ամեն ինչ իմանար, սովորեր: Ասում էի՝ Արա ջան, մի բան ընտրի, մի ուղղությամբ գնա»,- ասում է տիկին Գայանեն:

Արան կռվի դաշտ մեկնելուց առաջ զինվորական համազգեստը կրծքանշաններով, տուն է ուղարկել, մարտի դաշտ դուրս եկել այլ համազգեստով: 44-օրյայի մարտիկը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով:

Արա Մանուկյանը զոհվել է Իշխանաձորի դիրքերում՝ թշնամու արձակած հրազենային կրակոցից: Հայրն ասում է՝ որդու ոտքերը վնասված են եղել: Նրանց գունդը ճակատ-ճակատ կռվել է թշնամու հետ: Որդու մարմինը կարողացել են այդ դիրքերից դուրս բերել նոյեմբերին 29-ին: Նրա հետ եղել է ևս 27 զինծառայողի մարմին:

Արային հուղարկավորել են Արշալույսի եղբայրական պանթեոնում: Այնտեղ նրա կողքին են հանգչում նաև 44-օրյա պատերազմում զոհված նրա զինակից ընկերները:

«Հանուն հայ զինվորների» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Լուսինե Փարսադանյան