Անմահ հերոս Շավարշ Մելիքյան
«Ապրում ենք այնքան, որքան մեզ հիշում են». հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանի խոսքերն են, որը սպան հաճախակի էր օգտագործում։
Շավարշը ծնվել է Շիրակի մարզի Աշոցք գյուղում 1990 թվականի հունիսի 6-ին։
Փոքրուց հարևաններն ու համագյուղացիները Շավարշին ասում էին, որ իսկական գեներալ է, ուժեղ, ամուր կեցվածքով, ամեն տեսակ դժվարություններ հաղթահարող, չէր տրտնջում, չէր բողոքում, ամուր կամք ուներ։
Հետագայում` դպրոցն ավարտելուց հետո, Շավարշն ընտրեց զինվորականի բարդ մասնագիտությունը, որը սոսկ աշխատանք չէր նրա համար։ 2007 թվականին ընդունվեց Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: 2011 թվականին արդեն ծառայության անցավ զինված ուժերում որպես սպա, սկզբնական ծառայությունն անցկացրեց Գորիսի N զորամասում։ 4 տարի Գորիսում ծառայելուց հետո՝ 2015 թվականին ծառայությունը շարունակեց Տավուշի մարզի Մեհրաբի զորամասում, որպես Մոտոհրաձգային դասակի հրամանատար:
«Շավարշը հիանալի սպա էր, զինվորներն իրեն շատ էին սիրում ու հարգում, նույնիսկ զորացրված զինվորների հետ էր կապը պահում։ Եղբորս զոհվելուց հետո էլ շատ են մեզ այցելել, իրենց վերաբերմունքից երևում էր, թե ինչքան շատ են սիրել ու հարգել նրան»,- պատմում է Շավարշի քույրը՝ Նելլին։
Թե’ Գորիսում, թե’ Տավուշում ծառայության ժամանակ Շավարշը միշտ աչքի է ընկել բոլոր հնարավոր լավ հատկանիշներով, հարգել ու գնահատել է իր զինվորիներին, միշտ օգնել որպես ավագ եղբայր:
2016 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ, որը կանխվել է հայկական ուժերի կողմից: Ծավալված գործողությունների ժամանակ հայկական կողմն ունեցավ 3 մարտական կորուստ` ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը, շարքայիններ` Էդգար Նարայանը և Էրիկ Աբովյանը: Շավարշը զոհվել է դիպուկահարի կողմից արձակված կրակոցից։
Ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը ՀՀ Նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
Հարազատների խոսքով Շավարշը բարիության մարմնացում էր, հոգատար, ընկերասեր, արդարամիտ։ Շավարշի սխրանքին ի պատասխան հարազատ դպրոցում դասասենյակ է բացվել, իսկ տան բակում հուշաքար է տեղադրվել:
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: