Անմահ հերոս Գևորգ Վարդանյան

Ապրիլյան պատերազմում զոհված Գևորգ Վարդանյանը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Երբ Գևորգը 6 տարեկան է եղել ընտանիքը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն մշտական բնակության նպատակով։ Թեև Գևորգը հայրենիքից հեռու է մեծացել, սակայն շատ հայրենասեր պատանի էր, միշտ հետաքրքրվում էր իր արմատներով, իրեն ձգում էր իր հողը։

18 տարին լրանալուն պես Գևորգը որոշում է կայացրել վերադառնալ Հայաստան ու անցնել ծառայության։ 2014 թվականին  ծառայության  է անցել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում (այժմ օկուպաված է Ադրբեջանի կողմից)։

Պատանի տարիքում Գևորգը բազմաթիվ հոբբիներ է ունեցել, սպորտով է զբացվել, երգել, դաշնամուր նվագել։ Տարբեր սպորտաձևերով էր զբաղվում, որի արդյունքում կոփված ու ամուր պատանի էր, դա իրեն շատ էր օգնում ծառայության մեջ։ Գևորգը իր հասակակիցներից ավելի հասուն էր միշտ, թե իր մտքերով, թե արարքներով, ամուր բնավորություն ուներ, եթե մի բան ասում էր, դա անում էր անխտիր։

Ծառայության ընթացքում Գևորգը բազմաթիվ դժվարություններ է ունեցել կապված մայրենի լեզվի հետ, բայց իր պարտաճանաչության շնորհիվ հաղթահարել է, սովորել ներքին կանոնադրությունն ու լիարժեք իրականացրել իր ծառայությունը։

2015 թվականին Գևորգն առաջին անգամ առճակատվել էր թշնամու հետ, անտեսելով գնդակոծությունը դուրս էր բերել վիրավոր ընկերոջն ու փրկել նրա կյանքը։

2016 թվականի ապրիլի 2-ի գիշերը հակառակորդը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել էր լայնամասշտաբ հարձակում, հայկական կողմը համարժեք  պատասխան գործողությունների է դիմել՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցնելու համար։

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտում էր տարբեր զինատեսակներով, օգտագործելով օդուժ, հրետանի և ծանի զինտեխնիկա, ինչպես նաև կենտրոնացրել էր մեծաքանակ կենդանի ուժ։

Գևորգն իր դասակի հրամանատար Հրաչ Գալստայանի հետ զոհվել է  Թալիշի մարտական դիրքերում հակառակորդի կրակից։

Գևորգ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից «Մարտական ծառայություն», Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից «Արիության» մեդալներով:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան