Անմահ հերոս Գարիկ Իսպիրյան

Գարիկ Իսպիրյանը ծնվել է 1995 թվականի օգոստոսի  20-ին Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ գյուղում։ Սովորել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցում:

2014 թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության՝ Արցախի Հանրապետությունում (այժմ օկուպացված Ադրբեջանի կողմից):

2014 թվականի դեկտեմբերի 8-ին հյուսիս-արևելյան սահմանագոտու հատվածում մարտական հերթապահություն իրականացնելիս, հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող Գարիկ Արտեմի Իսպիրյանը։

«Մեր գյուղը նման բազմամարդ, հանդիսավոր ու հոգեբուխ հուղարկավորություն երևի թե քիչ էր տեսել: Բոլորն էին լուռ ու գլխահակ, առանց ավելորդ բառերի, բայց հոգով ու սրտով կարեկցում էին որդեկորույս ծնողներին, կյանքի դեռ 20 գարունը չբոլորած Գարիկի համար հոգու անհուն ցավ ենք ապրում: Այսուհետ մենք գյուղովի կփառաբանենք նրա անունը՝ որպես հայրենասիրության դաս ապրողներիս ու գալիք սերունդներին»,-  Գեղահովիտ գյուղի դպրոցի տնօրեն Մանվել Սաֆարյանն ասել է Գարիկի հուղարկավորության ժամանակ։

Այն դպրոցում, որտեղ սովորել է Գարիկը բացվել է «Փառքի անկյուն» ի հիշատակ իրենց հայրենի գյուղի հերոս զավակի։

Գարիկ Արտեմի Իսպիրյանը  հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով «Մարտական ծառայություն» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան