Անմահ հերոս Հենրիկ Ղահրամանյան

Հենրիկ Ղահրամանյանը ծնվել է Ռուսաստանի Դաշնությունում՝ 1996 թվականի նոյեմբերի 28-ին: 2003 թվականին ընտանիքը մշտական բնակության է եկել Մասիս քաղաք։ Սովորել և ավարտել է Մասիս քաղաքի թիվ 2 դպրոցը:

Հարազատները հիշում են, որ Հենրիկը շատ զուսպ, համեստ ու խղճով երեխա է եղել, ինքն իրենով բարություն էր։

2011-2014 թվականներին սովորել է Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի ապրանքագիտություն բաժնում։

«Ավելի մեծ տարիքում հավանաբար զգացել էր ինչ-որ անարդարություն ու որոշել իրավաբան դառնալ։ Դատավոր ու դատախազ ինքը չէր կարող դառնալ, մարդկանց չէր կարող դատել, իրենը միայն պաշտպանելն էր»,-պատմել է մայրը՝  Ռուզաննան։

2015 թվականին անցել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության ու սկզբնական շրջանում ծառայել է Լուսակերտի զորամասում, հետո՝ տեղափոխվել Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակերտի շրջանի N զորամաս՝ ծառայել  որպես հակատանկային ջոկի հրամանատար։

Մոր խոսքով՝ ծառայության մեկնել է ուրախ սրտով, երբեք չմտածելով ծառայությունից  խուսափելու մասին։

2016 թվականի ապրիլին թշնամին արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով անցել է ռազմական գործողությունների՝ օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա, հրետանի և մեծաքանակ կենդանի ուժ։ Ապրիլի 3-ին՝ մղված մարտերից մեկում Հենրիկը զոհվել է։

Հենրիկ Ռուդոլֆի Ղահրամանյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության», Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան