Անմահ հերոս Էրիկ Հաջիկյան

Էրիկ Սարգիսի Հաջիկյանը ծնվել է 2001 թվականի հունվարի 3-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:
-Էրիկը մեր Նոր Տարվա նվերն էր, մեր Ամանորը Էրիկով սկսվեց։ Աստվածատուր, կանաչակապույտ աչքերով տղա էր Էրիկը։ Մենք իր համար այլ անուն էինք որոշել, սակայն իր ծնվելուց մի քանի օր առաջ ես իրեն տեսա երազումս ու Էրիկ էինք կանչում, այդպես որոշեցինք, որ անունը Էրիկ ենք դնելու՝ Գոռ անվան փոխարեն,-պատմում է մայրը՝ տիկին Լիլիթը։
Մոր խոսքով՝ Էրիկը մանուկ հասակում շատ հետաքրքրասեր երեխա է եղել, մուլտֆիլմեր է շատ նայել, այդ տարիքից արդեն շատ լավ ռուսերեն է հասկացել և խոսել, իր համար մայրը շատ հեքիաթներ է կարդացել։
Հինգուկես տարեկանից արդեն Էրիկը հաճախել է Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոց։ Դպրոցը մեծ սիրով համատեղել է սպորտի հետ, հաճախել է կարատեի և տարիների ընթացքում սպորտի բնագավառում գրանցել է մեծ հաջողություններ։
-Մանուկ հասակից Էրիկն արդեն շատ ինքնուրույն էր, ամեն բան հասկանում էր, թե ինչպես պետք է անի, երբևէ մեզ նեղություն չի տվել։ Իրեն պետք չէր ասել այս արա կամ այն արա, նա լավ գիտեր իր անելիքը։ Հանգստանալու ժամանակ կհանգստանար, աշխատելու ժամանակ կաշխատեր,- պատմում է մայրը։
Դպրոցում Էրիկը շատ է սիրել պատմություն և աշխարհագրություն առարկաները։ Ուսուցիչների հետ ջերմ ու դրական հարաբերության մեջ է եղել, սիրված և կարգապահ աշակերտ է եղել։
Մոր խոսքով՝ Էրիկն իր կյանքում շատ է կարևորել սպորտը, երկու եղբայրներն էլ հաճախել են կարատեի։ 12 տարի պարապել են ու մեծ հաջողությունների են հասել, Էրիկը շատ ձգտող էր, եթե նպատակ դներ, ուրեմն իրեն ոչինչ չէր կարողանա խանգարել, պետք է կատարեր իր նպատակը։
Էրիկը մասնակցել է մի շարք մրցաշարերի։ Եղել է միջազգային մրցաշարերի բազմակի չեմպիոն, կարատեի եվրոպայի առաջնության մասնակից, Հայաստանի հավաքականի անդամ։
-Տանը մենք «ախպերների ժամ» ունեինք, հայր ու որդիներ առանձնանում էին սենյակում ու սկսում զրուցել, կիսվել միմյանց հետ,- պատմում է մայրը։
Հաջիկյանը շատ ընկերասեր է եղել: Մոր խոսքով եղբայրների ընկերական շրջապատը գրեթե նույնն էր, երկուսն էլ միշտ իրար հետ էին լինում։ Ընկերներն իրեն շատ էին սիրում, ամեն մրցաշարից առաջ հավաքվում էին Էրիկենց տանն ու պատրաստվում մրցաշարին։
-Էրիկն ինձանից շատ էր խորհուրդներ հարցնում, ինքնագլուխ բաներ երբեք չէր անում, անգամ, երբ հիվանդանում էր զանգում հարցնում էր, թե ինչ դեղ պետք է խմի,- հիշում է մայրը։
2017 թվականին դպրոցն ավարտելուց հետո Էրիկն ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարան։ Կրթությունը շարունակել է Ինժեներ-ճարտարագետ մասնագիտությամբ։ Համալսարանում սովորելու տարիներին Էրիկը ապրել է մորաքրոջ հետ։
-Էրիկն այնքան զուսպ էր, ամեն ինչ ինքնուրույն անում էր, մենք իրար կես խոսքից հասկանում էինք, երբ գնում էինք ինչ-որ տեղ այնպես կազմակերպված էր իրեն պահում, որ նայում ու հիանում էի,- հիշում է մորաքույրը՝ Զառան։
Համալսարանում Էրիկը շատ լավ է սովորել, մայրն ասում է, որ նա ընդունվել էր համալսարան հենց սովորելու և իր նպատակներին հասնելու համար։ Դասախոսների խոսքով՝ Էրիկն իրենց ստացված ուսանողն է եղել։ Այժմ Ամերիկյան համալսարանում Էրիկ Հաջիկյանի անունով կրթաթոշակ կա։
-Էրիկս մեկ-մեկ դժգոհում էր, ասում էր՝ «մամ, հոգնել եմ, գնամ բանակ մի քիչ կհանգստանամ էս ամեն ինչից», հետո էլ մտածում էր, որ գնաց եկավ, արդյոք կարողանալու է սովորածը վերհիշել և շարունակել ուսումը,- հիշում է մայրը։
2019 թվականի հուլիսի 29-ին Էրիկը զորակոչվել է բանակ։ 6 ամիս ծառայել է Արմավիրի զորամասում, այնուհետև չորս ամիս ծառայությունը շարունակել է Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Որոտանի զորամասում, հետո տեղափոխվել Խնձորեսկի զորամաս։
Էրիկի ծառայությունը համընկել է կորոնավիրուսյան շրջանին և ընտանիքի անդամները երկար ժամանակ չեն կարողացել տեսնել Էրիկին։ Ծառայության ընթացքում արժանացել է մի շարք շնորհակալագրերի։
2020 թվականին Էրիկն ու մի քանի տանկիստներ մասնակցել են Ռուսաստանում ընթացող «Կովկաս 2020» զորավարժություններին, սակայն սեպտեմբերի 30-ին Էրիկը հետ է վերադարձել և անմիջապես մեկնել առաջնագիծ։ Վերջին անգամ Էրիկին հարազատները տեսել են այդ օրը օդանավակայանում։
Երկու եղբայրները՝ Էրիկն ու Էդիկը, վերջինս ընդամենը մեկուկես ամսվա ծառայող է եղել, պատերազմի օրերին եղել են կռվի թեժ կետերում։ Էրիկն անընդհատ հանգստացրել է ծնողներին, ասելով, որ ամեն ինչ կարգին է։ Էրիկը կռվել է Ջրականի դիրքերում։
-Հոկտեմբերի 16-ին Էդիկը՝ փոքր տղաս, երկու ոտքից վիրավորվել էր, մենք գնացինք իրեն տեսակցության, այդ ընթացքում զանգեցի Էրիկին, որ հարցնեի, թե իրեն անհրաժեշտ իրերը որտե՞ղ պետք է թողնեմ, ասացի, որ եղբայրը վիրավորվել է, ասաց՝ «մամ, էդ ինչ լավ բան ա էղել, ուրեմն Էդիկը փրկվել ա», ես էլ չէի հասկանում, թե Էրիկս ինչու այդպես ուրախացավ էդ լուրը լսելիս,- պատմում է մայրը։
Ընտանիքը Գորիսի հիվանդանոցում՝ փոքր որդու մոտ է եղել, երբ տանկերը հետ են եկել զորամաս.
-Մենք էլ ամեն ինչից անտեղյակ, միամիտի պես ձեռքով էինք անում տանկիստներին, հետո Էրիկիս հրամանատարին տեսանք, մոտեցանք, որ իմանանք Էրիկը որտեղ է, հենց այդ ժամանակ էլ ասաց, որ Էրիկի տանկը խոցվել է,- պատմում է մայրը։
Հերոսը անմահացել է հոկտեմբերի 16-ին Իշխանաձորի մատույցներում ԱԹՍ-ի հարվածից։ Անձնակազմի անդամներից զոհվել է նաև Հակոբ Մանթաշյանը, մյուսը ողջ է մնացել։
Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Մարտական ծառայության» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ելենա Հովհաննիսյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: