Անմահ հերոս Մանվել Կարապետյան

Մանվել Արծրունու Կարապետյանը ծնվել է 1988 թվականի մայիսի 5-ին Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղում։ Ծնողների խոսքով մանուկ հասակում Մանվելը շատ հանգիստ ու համեստ երեխա է եղել: Շատ կապված է եղել ընտանիքի՝ հատկապես մոր և եղբոր հետ։ 2005 թվականին Մանվելը ընդունվել է Զույգաղբյուրի միջնակարգ դպրոց, շատ լավ է սովորել, օրինակելի աշակերտ է եղել։ Մանվելի սիրելի զբաղմունքը մանուկ ժամանակ ընթերցելն էր, եթե իր հասակակիցները ամբողջ օրը ֆուտբոլ էին խաղում կամ այլ խաղեր, Մանվելը վերցնում էր իր գիրքն ու ամբողջ օրը չէր կտրվում ընթերցանությունից։
Ծնողների խոսքով շատ նվիրված և զուսպ տղա է եղել։ Զույգաղբյուրում զորամաս կա, պատմում են, որ Մանվելը միշտ նստում ու նայում էր այդ զորամասին, հենց այս զորամասն էլ ոգեշնչման աղբյուր է եղել տղայի համար՝ հետագայում ընտրելու զինվորականի ուղին։
-Մանվելը՝ եղբայրս, շատ յուրահատուկ անձնավորություն էր, ընկերասեր էր, շփվող։ Նա միշտ փորձում էր բոլորի հետ համակերպվել թե՛ աշխատանքի մեջ, թե՛ աշխատանքից դուրս։ Մանվելն իր գործը շատ էր սիրում և շատ նվիրված էր իր աշխատանքին, իր պաշտոնից ելնելով երբեք իրեն գոռոզ չի պահել: Ես միշտ հպարտացել եմ ու հիմա էլ շատ հպարտ եմ, որ Մանվելի եղբայրն եմ-, պատմում է եղբայրը՝ Հրայրը։
2009 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցն ու ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Սովորելու ընթացքում արժանացել է պատվոգրերի։
Կնոջ խոսքով հայրենիքի հանդեպ սերն ու նվիրվածությունը ուղղորդել են Մանվելին ողջ կյանքի ընթացքում, կյանքի ցանկացած պարագայում մտածել է նախ հայրենիքի, հետո՝ ընտանիքի և իր մասին։
Ավարտելով Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը Արցախի Մարտակերտի շրջանի (օկուպացված է Ադրբեջանի կողմից) զորամասերից մեկում նշանակվել է դասակի հրմանատար:
2013 թվականին Մանվելը ծանոթացել է ապագա կնոջ՝ Վիկայի հետ: Նույն տարում ստացել է լեյտենանտի կոչում և շարունակել անձնվիրաբար ծառայել հանուն հայրենիքի։
-2013 թվականի դեկտեմբեր ամիսն էր, գնացել էինք Վրաստան ամանօրյա գնումների, Մանվելի ծնողներն էլ էին այնտեղ, ամուսնուս քեռին ու իմ պապան եղել են համակուրսեցիներ, Մանվելի հայրն էլ այդ ժամանակ ինձ տեսել էր ու իր տղային խորհուրդ տվել, հետո Մանվելն էր տեսել ու հավանել,- պատմում է կինը։
2014 թվականին Մանվելն ամուսնացել է և կնոջ հետ տեղափոխվել Թալիշ՝ բնակության և ծառայության նպատակով։ Ունի երկու դուստր։
-Երբ տեղափոխվեցինք Թալիշ՝ կենցաղային վատ պայմաններ էին, բայց ես գիտակցում էի, որ ամուսնացել եմ զինվորականի հետ ու պետք է նրա կողքին լինեի: Ինձ համար դժվար էր նաև Մանվելի տասնչորսօրյա բացակայությունները. դիրքերում էր լինում, կարելի է ասել՝ ես մեր ամբողջ ամուսնական կյանքում եղել եմ մենակ: Կամաց-կամաց սկսեցի հարմարվել ամեն ինչին, միայն իր բացակայությանը չեմ կարողանում հարմարվել։ Զինվորականի հետ շատ դժվար է, որովհետև կարոտով ես մնում, գիտես որ ֆիզիկապես կա, բայց երբ ուզում ես, որ կողքիդ լինի՝ չկա,-պատմում է Վիկան։
Մանվելը շատ նպատակասլաց է եղել, կնոջ խոսքով չի սիրել նույն տեղում մնալ, զորամասում էլ անընդհատ, գրեթե ամեն տարի վերապատրաստումների է մասնակցել, քննություններ հանձնել և կոչումի բարձրացում ստացել։
-Մանվելի հետ ծանոթացել եմ 2014 թվականին, Արցախում ծառայելու ժամանակ։ Մանվելը ընկերասեր, հումորով, շատ լավ անձնավորություն էր, ընկերոջ համար ամեն ինչ կաներ, իր ընտանիքն էլ շատ սիրված ու հարգված էր բոլորի կողմից։ Ծառայության մեջ Մանվելը շատ պարտաճանաչ էր, խնդիրները ժամանակին կատարող, ազնիվ զինվորական էր, իր գործին շատ նվիրված-, պատմում է ընկերը՝ փոխգնդապետ Հայկ Ասրյանը։
2016 թվականին մասնակցել է քառօրյա պատերազմին և իր ջոկատի հետ հաղթանակ տարել։ 2017 թվականին ստացել է մայորի կոչում և նշանակվել գումարտակի շտաբի պետ։ 2018 թվականին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայության», «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալներով։
Կինը հիշում է՝ ընտանիքով գնում էինք Թարթառ գետի մոտ, նստում ու
զրուցում.
-Մանվելը գալիս էր աշխատանքից տուն, մեքենայից իջնում էր ու դառնում էր իմ ամուսինը, ես տեսնում էի, որ ինքը օրինակ նեղված է, բայց չէր պատմում, թե ինչ է եղել, ես իհարկե, իրեն ասում էի, որ ինքը մենակ չէ, ես իր հետ եմ, բայց ոչ, զորամասն իր տեղն ուներ, տունն իր տեղը,-պատմում է կինը։
2019 թվականին Մանվել Կարապետյանը Մատաղիսում ստացել է փոխգնդապետի կոչում և նշանակվել գումարտակի հրամանատար։
Կինն ասում է, որ Մանվելն արդեն պայմանավորվածություն էր ձեռք բերել, որ պետք է պայմանագրի լրանալուց հետո ընտանիքով տեղափոխվեն Հայաստան՝ ծառայությունը շարունակելու, սակայն շատ հաճախ կնոջն ասել է, որ մոռանա այդ մասին, քանի որ ինքը չի կարող Արցախից հեռանալ։
2020 թվականի սեպտեմբերից, ըստ կնոջ, Մանվելը լարված է եղել, երբ անգամ տուն է գնացել, ասել է՝ չեմ կարող տանը մնալ, վիճակը լարված է, զինվորներիս չեմ կարող մենակ թողնել։
Սեպտեմբերի 27-ի առավոտյան Մանվելին զանգել են զորամասից, արագ վեր է կացել ու գնացել, կինն ասում է, որ տանից դուրս գալուց Մանվելը մշտապես համբուրել է իրեն և երեխաներին, բայց այդ օրը միայն փոքր աղջկան է համբուրել ու ասել, որ անպայման հետ է գալու և հեռացել է տանից։
-Մանվելը չէր սիրում իր մոտ գումար պահել ու իր դրամապանակը միշտ ինձ մոտ էր, այդ օրը ես երեխաների հետ ուղևորվեցի մեր տուն։ Մանվելը զանգեց, անընդհատ քարտի ծածկագիրն էր ասում, որ հասնենք տեղ մեզ հագուստ գնենք, ժամը մեկ խոսում էի Մանվելի հետ ու ինքը միշտ պատասխանում էր իմ զանգերին, հետո ցերեկը, երբ զանգեցի տխուր ձայնով ասաց՝« քարտիս կոդը հաստատ չես մոռանա չէ՞, վերջում ասաց՝ ինչ էլ լինի կիմանաս, որ ես շատ եմ սիրում ձեզ, հենց հասար տուն՝ կզանգես։ Տպավորությունն էր, որ վերջին անգամ եմ խոսում հետը, երբ զանգեցի արդեն անհասանելի էր։ Սեպտեմբերի 28-ի երեկոյան իր զինվորներից մեկի ծնողն ինձ զանգեց ու ասաց, որ որդին ասել է, թե Մանվելը լավ է, բայց խաբեցին ինձ, ում զանգում էի, ասում էին՝ վիրավոր է, բայց լավ է, սակայն Մանվելի զինվորներից մեկն իր ծնողին զանգել ու ասել է՝ իմ հրամանատարն ընկավ հերոսի մահով,-պատմում է կինը։
Փոխգնդապետն անձնվիրաբար կռվել է թշնամու դեմ Մատաղիսի և Թալիշի դիրքերում և զոհվել սեպտեմբերի 28-ին։
-Պատերազմի ժամանակ ամենակարևոր խնդիրը Մանվելն է կատարել Մատաղիսում, եթե ստացվեր իր պլանավորած օպերացիան Մատաղիսը չէին գրավի, սակայն իր զոհվելով օպերացիան ձախողվեց։ Պատերազմի ընթացքում Մանվելը երկու գումարտակ էր իր վերահսկողության տակ վերցրել և դրանից բացի անձամբ կատարում էր հրաձիգի, դիպուկահարի, նռականետորդի խնդիրը, իր զինվորների կողմից էլ շատ սիրված ու հարգված է եղել, իր կորուստը բոլորիս համար մեծ ցավ է եղել,-ասում է ընկերը՝ Հայկ Ասրյանը։
Կնոջ խոսքով իդեալական զավակ էր, իսկ որպես հայր՝ երեխաների հանդեպ շատ ուշադիր է եղել.
– Երբ դիրքերում էր լինում զանգում էր անընդհատ, որ իմանար, թե ով տարավ երեխաներին մանկապարտեզ ու ամեն հարցում էր շատ ուշադիր։ Ես միշտ մտածել եմ՝ տեսնես ի՞նչ բախտավոր աստղի տակ եմ ծնվել, որ Մանվելի նման մարդն ինձ է ընտրել։
Պետք է հոգեբանորեն քեզ տրամադրես, որ առաջ գնաս, իհարկե դա չի նշանակում, որ ես ցավ չեմ զգում, զգում եմ, բայց այն պահում եմ իմ մեջ, որ ինձ չհոշոտեն, և հասկանում եմ, որ պետք է առաջ գնամ հանուն Մանվելի, որովհետև հանուն ընտանիքի և նույնիսկ ինձ ես ուժ չունեմ առաջ շարժվելու։ Ինձ մեծ պատիվ է բերում, որ ինձ ասում են՝ Մանվելի կին, հետո նոր Վիկա,-ավելացրեց կինը։
Մանվել Կարապետյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճան շքանշանով, «Մարտական ծառայություն» և «Անձնուրաց պաշտպան» մեդալներով։ Փոխգնդապետի աճյունը հանգչում է հայրենի գյուղում՝ Զույգաղբյուրում։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ելենա Հովհաննիսյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: